չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Իսրայելին կոչ ենք անում արդարացի լուծում տալ հարցին․ Զախարովան՝ «Կովերի պարտեզի» մասին

Իսրայելին կոչ ենք անում արդարացի լուծում տալ հարցին․ Զախարովան՝ «Կովերի պարտեզի» մասին

Ռուսաստանը մտահոգված է Երուսաղեմի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների հանդեպ հաճախակի դարձած սադրանքներով։ Այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:

«Մասնավորապես, ուշադրություն ենք դարձրել կոնֆլիկտային այն իրավիճակին, որ ստեղծվել է Հին քաղաքում տեղակայված, այսպես կոչված, «Հայկական պարտեզի» շուրջ․ այն դատական քաշքշուկի առարկա է դարձել Երուսաղեմի հայկական պատրիարքության և իսրայելական կազմակերպություններից մեկի միջև»,- ներկայացրեց իրավիճակը Զախարովան։

Նրա խոսքով՝ չսպասելով դատական գործընթացի ավարտին՝ կազմակերպությունը սկսել է հյուրանոցային համալիրի կառուցման աշխատանքներ վիճելի տարածքում, որը բախումների է բերել տեղի հայերի ու հուդայական ծայրահեղականների միջև։
 
«Մենք կոչ ենք անում Իսրայելի իշխանություններին քայլեր ձեռնարկել այս զգայուն հարցի արդարացի լուծման համար՝ օրենքի սահմաններում։ Մենք հավատում ենք, որ երկրի կրոնական բոլոր համայնքների իրավունքները պետք է հավասարապես պաշտպանված լինեն»,- հայտարարեց Զախարովան։
 
Նա շեշտեց՝ Ռուսաստանը դեմ է ցանկացած ապօրինի գործողության, որի նպատակը երկրում պատմականորեն ձևավորված էթնիկ հավասարակշռությունը խախտելն է Երուսաղեմի Հին քաղաքում, ներառյալ՝ ոտնձգությունները դարերով այնտեղ ապրող քրիստոնյաների, նրանց սեփականության և սրբավայրերի հանդեպ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: