հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքի այգին վերանվանվել է Շառլ Ազնավուրի անունով

Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքի այգին վերանվանվել է Շառլ Ազնավուրի անունով

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլի 2-ին Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքի Համայնքների այգին պաշտոնապես վերանվավել է աշխարահռչակ Շառլ Ազնավուրի անունով։
 
Դեռեւս անցյալ տարի այդ առաջարկով տեղի քաղաքապետին էին դիմել Նոյյան Տապան հայկական մշակութային կենտրոնի նախագահ Դավիթ Գալֆայանը եւ Նաիրի միության նախագահ Արտյոմ Չեռնամորյանը՝ նշելով նաեւ Ազնավուրի ընտանիքի կողմից Երկորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում տասնյակ հրեաների իրենց հարկի տակ թաքցնելու փաստը, գրում է orer.eu-ն։
 
Ինչպես նշում է Իսրայելահայեր կայքէջի գլխավոր խմբագիր Արտյոմ Չեռնամորյանը, այսպիսով Պետախ Տիկվայի Քաղաքային խորհուրդը քաղաքապետ Ռամի Գրինբերգի գլխավորությամբ միաձայն որոշում կայացրեց՝ վերանվանել «Համայնքների» այգին ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով: «Կրկին շնորհակալություն ենք հայտնում քաղաքապետին ու քաղաքային իշխանություններին հայկական համայնքին աջակցելու համար»,-գրել է նա։

 
Պաշտոնական արարողության ժամանակ ելույթներ են ունեցել քաղաքապետ Ռամի Գրինբերգը, Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Աղան աբեղա Գոգչյանը՝ փոխանցելով Ամենապատիվ Նուրհան պատրիարքի ողջույնի խոսքը, Իսրայելում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Արման Հակոբյանը, Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչ, կրթության և ֆրանսերեն լեզվի կուրսերի ղեկավար պարոն Տիերի Պետրոն, Յաֆֆայի ու երկրի կենտրոնի հոգևոր հովիվ Տիրան աբեղա Հակոբյանը, Պետախ Տիկվայի Նաիրի միության նախագահ Արտյոմ Չեռնամորյանը, Նոյյան Տապան կենտրոնի մամուլի քարտուղար Մենդել Կորսունսկին։
 
Մշակութային բաժնում Ազնավուրի երգերը ֆրանսերենով կատարել է հայտնի երգիչ Աշոտ Գասպարյանը, նրան նվագակցել է սաքսոֆոնահար Շայ Բերկովիչը։

Այգում զետեղված հուշաքարի վրա գրված է՝

«Շառլ Ազնավուր (1924-2018) – Երգիչ, երգահան, դերասան, ֆրանսիացի, համաշխարհային շանսոնյե, ով կյանքը նվիրել է իր ծննդավայր Հայաստանին եւ պսակված է Ազգային հերոսի կոչումով: Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում Ազնավուրյան ընտանիքը հաջողել է բնաջնջումից տասնյակ հրեա ընտանիքներ փրկել»:

 
Ձեռնարկին ներկա են եղել նաեւ տարբեր քաղաքներից եկած հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները, Յաֆֆայի ու երկրի կենտրոնի հոգևոր հովիվ Տիրան աբեղա Հակոբյանը, Հայֆայի ու հյուսիսային քաղաքների հոգևոր հովիվ տեր Տիրայր քահանա Հովակիմյանը, ինչպես նաեւ Հայոց պատրիարքության Ավագ թարգման Վազգեն աբեղա Ալեքյանը:

Հիշեցնենք, որ այգում է տեղադրված նաեւ Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողը։

  • Կիսվել: