Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին․ Կաց
Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, փոխանցում է Times of Israel-ը։
Կացը նշել է, որ ինքը հայտարարել է «ողջ երկրում անհապաղ արտակարգ դրություն մտցնելու մասին»։
«Իսրայել պետությունը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին՝ Իսրայել պետությանն ուղղված սպառնալիքները վերացնելու համար»,- ասել է նա։ Միևնույն ժամանակ, Իսրայելի ողջ տարածքում տագնապի ազդանշաններ են հնչում։ Իսրայելի պաշտպանության բանակի թիկունքի հրամանատարությունը զգուշացնում է քաղաքացիական բնակչությանը՝ մնալ ռմբապաստարաններին մոտ։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ «անվտանգության ոլորտում ստեղծված իրավիճակի հետ կապված» քաղաքացիական անձինք պետք է համոզվեն, որ գիտեն, թե որն է իրենց մոտակայքում գտնվող լավագույն պաշտպանված ապաստարանը և խուսափեն ոչ անհրաժեշտ ուղևորություններից:
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ «կանխարգելիչ տագնապը նպատակ ունի բնակչությանը նախապատրաստել մեր տարածքի հնարավոր հրթիռակոծությանը»:
Իսրայելական բանակի հայտարարության համաձայն՝ տվյալ պահին ապաստարաններում գտնվելու անհրաժեշտություն չկա:


