Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է «Գազայի մոդելով» լիբանանյան գյուղերի ավերման մասին
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է Իսրայելի հետ սահմանին գտնվող լիբանանյան գյուղերի ավերման մասին՝ «Գազայի մոդելով», հայտնում է The Jerusalem Post-ը։
Այսպես նա մեկնաբանել է Լիտանի գետի բոլոր կամուրջները ոչնչացնելու հրամանը՝ «Հեզբոլլահ» շարժման զինյալների և զենքի տեղաշարժը դեպի հարավ կանխելու համար։
«Բացի այդ, մենք հրահանգել ենք արագացնել շփման գծի գյուղերում լիբանանյան տների ավերումը՝ իսրայելական համայնքներին սպառնացող վտանգները չեզոքացնելու համար՝ Գազայի Բեյթ Հանունի և Ռաֆահի մոդելին համապատասխան», - ասել է Կացը:
Նա հավելել է, որ Իսրայելի բանակը (ՑԱՀԱԼ) շարունակում է ցամաքային գործողությունները Լիբանանում՝ ««Հեզբոլլահի» զինյալներին ոչնչացնելու և հնարավորինս արագ հակատանկային բնագծին ու առանցքային ռազմավարական դիրքերին հասնելու համար»։ Կացը հավելել է, որ իսրայելական բանակը կշարունակի թույլ տալ հարավային Լիբանանի բնակիչներին տարհանվել մարտական գործողությունների գոտուց դեպի հյուսիս՝ Լիտանի գետի ուղղությամբ՝ «նրանց պաշտպանության համար»:
Անցյալ շաբաթ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել էին Լիբանանում Լիտանի գետի վրայով անցնող Զարիե կամրջին, ինչպես հայտարարել էր ՑԱՀԱԼ-ը՝ «Հեզբոլլահի» դեմ իր շարունակական գործողությունների շրջանակում։


