Իսրայելի հնարավոր ներխուժումը Լիբանան «անդառնալի դժոխք» կլինի հրեական պետության համար․ Իրանի ԱԳՆ
Իսրայելի հնարավոր ներխուժումը Լիբանան «անդառնալի դժոխք» կլինի հրեական պետության համար։ Այս կարծիքն է հայտնել Իրանի արտգործնախարար Ալի Բաղերի Քանին։
«Վերջին ինը ամիսների ընթացքում սիոնիստները (նկատի ունի Իսրայելը) պարտություն են կրել Գազայի հատվածում ընթացած մարտերում։ Եթե նրանք ցանկանան ներխուժել Լիբանան, դա նրանց համար կդառնա խոր ջրհոր։ Լիբանանը կդառնա անդառնալի դժոխք սիոնիստների համար»,- ասել է նա ամերիկյան Newsweek ամսագրին տված հարցազրույցում՝ պատասխանելով Իսրայելի և Լիբանանի միջև հակամարտության հնարավոր սրման մասին հարցին։
Ալի Բաղերի Քանիի խոսքով՝ տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը փոխվել է ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից Իսրայելի վրա հարձակումից և Գազայի հատվածում իսրայելական գործողության մեկնարկից հետո։ Նա Իսրայելի գործողությունները գնահատում է որպես նախկին իրավիճակին վերադառնալու փորձ, այդ թվում՝ ռազմական գործողությունների ընդլայնմամբ։