հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Իսպանիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության դատական հայցին

Իսպանիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության դատական հայցին

Իսպանիայի իշխանությունները որոշում են ընդունել միանալ դատական հայցին, որն Արդարադատության միջազգային դատարանում Հարավաֆրիկյան Հանրապետությունը (ՀԱՀ) հարուցել է Իսրայելի դեմ։ Այս մասին հաղորդում է իսպանական El Salto պարբերականը՝ վկայակոչելով թագավորության արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսին։

«Իսպանիան պատրաստվում է միանալ Արդարադատության միջազգային դատարանի գործին, որը Հարավաֆրիկյան Հանրապետությունն սկսել է Գազայում տիրող իրավիճակի պատճառով», - ասել է դիվանագետը մամուլի ասուլիսում։

Պատասխանելով հարցին՝ արդյոք Մադրիդը Գազայում տեղի ունեցողը համարում է ցեղասպանություն, Ալբարեսը նշել է. «Դա դատարանի գործն է, և Իսպանիան կպաշտպանի վճիռը»։

Իսպանիայի և Իսրայելի հարաբերությունները վատթարացել են Պաղեստինը որպես պետություն ճանաչելու՝ Մադրիդի որոշումից հետո: Իսրայելը հետ է կանչել Մադրիդում իր դեսպանին։ Իսկ մայիսի 27-ին Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը հայտնել է, որ երկրի ԱԳՆ-ն կարգադրել է արգելել Երուսաղեմում Իսպանիայի հյուպատոսությանը հյուպատոսական ծառայություններ մատուցել Հորդանան գետի արևմտյան ափի պաղեստինցիներին։

ՀԱՀ-ն ​​Իսրայելի դեմ գործ է հարուցել Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում 2023 թվականի դեկտեմբերի 29-ին։ Հարավաֆրիկյան կողմն իր միջնորդության մեջ դատարանից պահանջում է ճանաչել, որ Գազայի հատվածում Իսրայելի իշխանությունների գործողությունները կարելի է որակել որպես ցեղասպանություն, քանի որ դրանք իրականացվում են «Գազայում պաղեստինցիներին՝ որպես ավելի լայն պաղեստինյան ազգության, ռասայական և էթնիկական խմբի մի մասի ոչնչացման կոնկրետ մտադրությամբ»: Հարավաֆրիկյան Հանրապետությունը նաև դատարանին խնդրել է ձեռնարկել ժամանակավոր միջոցներ՝ պաշտպանելու պաղեստինցի բնակչությանը նրա իրավունքների հետագա լուրջ և անուղղելի խախտումներից։

Ատյանը հունվարի 26-ին որոշում է կայացրել, որ Իսրայելը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները Գազայում ցեղասպանությունը կանխելու նպատակով։ Ավելի ուշ դատարանը նաև  հայտարարել է, որ հրեական պետությունը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական հարձակումը Ռաֆահում և բաց պահի «Ռաֆահ» հսկիչ անցակետը պաղեստինցիներին անհրաժեշտ ծավալներով մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:

  • Կիսվել: