չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իրավիճակը ճակատում վատթարացել է. Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար Սիրսկի

Իրավիճակը ճակատում վատթարացել է. Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար Սիրսկի

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին իր տելեգրամյան ալիքում ծավալուն գրառում է հրապարակել, որում գրում է ռազմաճակատում իրավիճակի սրման և ռուսական զորքերի մարտավարական հաջողությունների մասին։

«Իրավիճակը ճակատում սրվել է: Փորձելով գրավել ռազմավարական նախաձեռնությունը և ճեղքել առաջնագիծը՝ հակառակորդն իր հիմնական ուժերը կենտրոնացրել է մի քանի ուղղությամբ՝ ստեղծելով ուժերի և միջոցների զգալի առավելություն։ Նա ակտիվորեն գրոհում է առաջնագծի ողջ երկայնքով, որոշ ուղղություններով ունի մարտավարական հաջողություններ»,- գրել է գլխավոր հրամանատարը։

Միևնույն ժամանակ, Սիրսկին նշել է, որ իրավիճակը շատ արագ փոխվում է, «որոշ ​​դիրքեր օրվա ընթացքում մի քանի անգամ «ձեռքից ձեռք են անցնում», ինչի հետևանքով իրավիճակն ընկալվում է ոչ միանշանակ»։

Առավել վտանգավոր է համարվում Օչերետինոյի մոտ ռուսական բանակի առաջխաղացումը: Կիրակի ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ռուսական բանակին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել Օչերետինոյի հարավ-արևելքում գտնվող Նովոբախմուտովկա բնակավայրը։ Ուկրաինացի զինվորականները չեն հաստատել այդ տեղեկությունը:

Լարվածությունը չի մարում նաև հարավում՝ Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում, որտեղ ռուսական զորքերը փորձում են առաջ շարժվել, բայց, ըստ Սիրսկու, հաջողության չեն հասնում։

Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի (ISW) վերլուծաբանները գրել են, որ առաջիկա շաբաթներին, մինչ Ուկրաինան սպասում է ամերիկյան ռազմական օգնությանը, ռուսական զորքերը, ամենայն հավանականությամբ, մարտավարական նշանակալի ձեռքբերումների կհասնեն, բայց դժվար կարողանան ճեղքել Ուկրաինայի պաշտպանությունը:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կրկին դիմել է միջազգային հանրությանը` կոչ անելով հնարավորինս արագ ՀՕՊ համակարգեր մատակարարել Ուկրաինային, ինչպես նաև սկսել պաշտոնական բանակցությունները Կիևի հետ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ:

  • Կիսվել: