չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Իրանը զգուշացրել է Զելենսկիին՝ ՌԴ-ին անօդաչու սարքեր մատակարարելու մեղադրանքների համար

Իրանը զգուշացրել է Զելենսկիին՝ ՌԴ-ին անօդաչու սարքեր մատակարարելու մեղադրանքների համար

Իրանը սպառնացել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, որն ԱՄՆ Կոնգրեսի համատեղ նիստում ունեցած ելույթում Թեհրանին մեղադրել էր ռազմական գործողությունների մեջ օգտագործելու նպատակով Ռուսաստանին անօդաչու սարքեր մատակարարելու համար։ Այս մասին հայտնում է New York Post-ը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանիի հայտարարությանը։

«Պարոն Զելենսկին պետք է գիտակցի, որ Իրանի ռազմավարական համբերությունը նման անհիմն մեղադրանքների նկատմամբ անսահման չէ»,- ասել է դիվանագետը՝ հավելելով, որ Ուկրաինայի ղեկավարը պետք է սովորի դասեր քաղել որոշ քաղաքական առաջնորդների ճակատագրից, «որոնք ստացել են ԱՄՆ աջակցությունը»։

Ավելի վաղ Իրանը պատասխանել էր Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր տրամադրելու վերաբերյալ Արևմուտքի մեղադրանքներին։ ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանին ասել է, որ Մոսկվային նման սարքեր փոխանցելը արգելված չէ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևով։

  • Կիսվել: