ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Իրանը Ռուսաստանին հազար միավոր զենք, այդ թվում բալիստիկ հրթիռներ է փոխանցելու. CNN

Իրանը Ռուսաստանին հազար միավոր զենք, այդ թվում բալիստիկ հրթիռներ է փոխանցելու. CNN

Ամերիկյան CNN հեռուստատեսության հաղորդագրության համաձայն, Իրանը պատրաստվում է Ռուսաստան ուղարկել մոտ հազար միավոր զենք:

CNN-ը վկայակոչում է «արևմտյան երկրներից մեկի անանուն պաշտոնական ներկայացուցչին», ով ասել է, որ Թեհրանը Մոսկվային կարող է փոխանցել «երկիր-երկիր» տեսակի կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ և հարվածային ԱԹՍ-ներ:

Ռուսաստանին Իրանի փոխանցած սպառազենի վերջին խմբաքանակը ներառել է մոտ 450 ԱԹՍ-ներ:

Ռուսասստանն այդ անօդաչուներով հարվածներ է հասցրել Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքին, գրոհների ընթացքում նաև խաղաղ բնակիչներ են զոհվել:

CNN-ի փոխանցմամբ, այդ սպառազենը մինչև տարեվերջ պետք է հասնի Ռուսաստան:

Կիևում ենթադրում են, որ Ռուսաստանն Ուկրաինայի հյուսիսային սահմանի մոտ կտեղակայի իրանական բալիստիկ հրթիռները: Դրանք տեխնիկական չափորոշիչներով մոտ են ռուսական «Իսկանդեր-Մ» հրթիռներին:

Ռուսաստանում «իսկանդերների» քանակն, ըստ «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականի, աստիճանաբար սպառվում է, իսկ նորերի մատակարարումը դանդաղ է ընթանում:

Մոսկվան պնդում է, որ Ուկրաինայում միայն հայրենական արտադրության զենք է կիրառում: Թեհրանն էլ պնդում է, որ ռուս-ուկրաինական կոնֆլիկտում կողմերից ոչ մեկին սպառազեն չի տրամադրում:

  • Կիսվել: