Իրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկացի որոշ պաշտոնյաների նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների համար
Իրանի արտաքին գործերի նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել որոշ ամերիկացիների նկատմամբ՝ Պաղեստինի կողմնակիցների նկատմամբ մարդու իրավունքները խախտելու համար, գրում է parstoday.ir-ը:
Իրանի Իսլամական Հանրապետությունը Պաղեստինի ճնշված ժողովրդի նկատմամբ աջակցությունն ու պաշտպանությունը համարում է իր արտաքին քաղաքականության անբաժանելի սկզբունքը և որևէ ջանք չի խնայել միջազգային շրջանակներում պաղեստինցիներին աջակցելու համար:
Ըստ ParsToday-ի՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը չորեքշաբթի օրը «Մարդու իրավունքների ոտնահարման և տարածաշրջանում Ամերիկայի արկածախնդիր ու ահաբեկչական գործողությունների դեմ պայքարի» մասին օրենքի կատարման ուղղությամբ, պատժամիջոցներ է սահմանել որոշ ամերիկացիների նկատմամբ՝ Գազայում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների դեմ ճնշված պաղեստինյան ժողովրդին աջակցելու համար ԱՄՆ-ի համալսարաններում ոտք ելած ուսանողների և դասախոսների խաղաղ ցույցերը ճնշելու միջոցով մարդու իրավունքները խախտելու համար:
Ըստ այդմ, Ջորջիայի հանրային անվտանգության վարչության պետ Ուիլյամ (Բիլլի) Հիչենսը, Ջորջիայի նահանգի դաշտային գործողությունների հրամանատար Էդի Գրիրը, Ֆլորիդայի համալսարանի ոստիկանապետ Լինդա Ջի. Ստամփ Կորնիկը, Վաշինգտոնի (ԿՇ) ոստիկանապետ Փամելա Սմիթը, Վաշինգտոնի (ԿՇ) ոստիկանապետի գործադիր օգնական Ջեֆրի Կարոլը, Նյու Հեյվենի ոստիկանապետ Կարլ Յակոբսենը, Տեխասի համալսարանի ոստիկանապետի օգնական Շեյն Սթրիփը, Բոստոնի ոստիկանապետ Մայքլ Քոքսը, Ինդիանայի համալսարանի ոստիկանության կենտրոնական բաժնի պետ Սքոթ Դանինգը, Արիզոնայի համալսարանի ոստիկանապետ Մայքլ Թոմփսոնը, Կալիֆորնիայի Լոնգ Բիչ համալսարանի ոստիկանապետ Ջոն Բրոկին այն մարդկանց թվում են, ովքեր ընդգրկվել են Իրանի արտաքին գործերի նախարարության պատժամիջոցների ցուցակում։
Այդ անձանց նկատմամբ կիրառվելու են վիզաների տրամադրման արգելքի, Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապված տարածքներ մուտքի անհնարինության, բանկային հաշիվների արգելափակման, Իրանի Իսլամական Հանրապետության իրավասության տարածքներում գտնվող գույքի և ակտիվների բռնագրավման պատժամիջոցները:
Իրանի Իսլամական Հանրապետության բոլոր կառույցները, համապատասխան մարմինների ընդունած որոշումների համաձայն, անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն այդ պատժամիջոցների արդյունավետ իրականացման համար։