հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իրանը որևէ հրաման չի տալիս տարածաշրջանի դիմադրության ուժերին․ Աբդոլլահիան

Իրանը որևէ հրաման չի տալիս տարածաշրջանի դիմադրության ուժերին․ Աբդոլլահիան

Իրանը որևէ հրաման չի տալիս տարածաշրջանի դիմադրության ուժերին, նրանք գործում են անկախ և իրենց շահերի շրջանակներում։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Տարածաշրջանի, ներառյալ՝ Եմենի դիմադրության ուժերը գործում են անկախ և բացառապես իրենց շահերի շրջանակներում։ Իրանը նրանց ոչ մի հրաման չի տալիս», - Telegram-ում նախարարի խոսքն է մեջբերել Իրանի ԱԳՆ-ն։

Աբդոլլահիանը նաև նշել է, որ «եթե Սիրիայում և Իրաքում չկազմավորվեին դիմադրության ուժեր ահաբեկչության դեմ պայքարի համար, ապա այսօր Սիրիան և Իրաքը բոլորովին այլ տեսք կունենային»։ Նրա խոսքով, եթե դիմադրության ուժերը չապահովեին տարածաշրջանի անվտանգությունը, ապա Իսրայելը դուրս կգար իր սահմաններից։

Անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածում պաղեստինաիսրայելական հակամարտության սրումից հետո եմենցի խռովարարների «Անսար Ալլահ» շարժման (հութիների) ներկայացուցիչները հայտարարել են, որ հարվածներ կհասցնեն Իսրայելի տարածքին և նրա հետ կապված նավերին թույլ չեն տա անցնել Կարմիր ծովի և Բաբ էլ Մանդեբի նեղուցի ջրերով, քանի դեռ պաղեստինյան անկլավում գործողությունը չի դադարեցվել։

Իրաքում և Սիրիայում շիաների զինված կազմավորումներն իրենց հերթին սկսել են հարձակումներ իրականացնել այդ երկրներում ամերիկյան ռազմակայանների վրա՝ «ի պատասխան Իսրայելի կողմից պաղեստինյան բնակչության դեմ զանգվածային հարվածների, որոնց աջակցում է ԱՄՆ-ն»:

  • Կիսվել: