չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Իրանը հարձակվել է Բահրեյնի և Քուվեյթի վրա՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո

Իրանը հարձակվել է Բահրեյնի և Քուվեյթի վրա՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո

Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնին և Քուվեյթին՝ իր տարածքում ԱՄՆ-ի հարձակումներից հետո: Երկու երկրում էլ հուլիսի 8-ի առավոտյան հնչել են օդային տագնապի ազդանշաններ, հայտնի է մի քանի պայթյունի մասին Բահրեյնի հյուսիսում, որտեղ տեղակայված է ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմը:

Քուվեյթի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է իրանական հարձակումները՝ նշելով, որ դրանք «համակարգված խաթարում են Մերձավոր Արևելքում լարվածությունը նվազեցնելու ջանքերը»։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ստանձնել է հարձակումների պատասխանատվությունը։ Իրանի զինվորականների խոսքով՝ թիրախավորել են Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտները՝ ի պատասխան «Հորմոզգան և Մահշահր նահանգներում մի քանի ափամերձ բազայի ու քաղաքացիական օբյեկտի վրա ավիահարվածների»։ ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը և Իսլամաբադում ձեռք բերված համաձայնագրերը խախտելու համար։ Հայտարարության մեջ, սակայն, չի նշվել նավերի վրա Իրանի հարձակումների մասին։

Իրանի ԱԳՆ-ն զգուշացրել է տարածաշրջանի մյուս պետություններին՝ ԱՄՆ-ին տարածք չտրամադրել Իրանին հարվածներ հասցնելու համար։ «Վախեցնելու և շորթելու դարաշրջանն ավարտվել է: Մենք չենք նահանջի»,- սոցիալական ցանցերում գրել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

Իրանական նոր հարվածները համընկել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թուրքիա կատարած այցի հետ։ Արաբական Միացյալ Էմիրությունների ավագ դիվանագետ Անվար Գարգաշն Իրանի հարձակումները Բահրեյնի և Քուվեյթի վրա անվանել է «հստակ ապացույց այն բանի, որ Թեհրանը դեռևս անկարող է հետևել լարվածության թուլացման պահանջներին և շրջել պատերազմի էջը»։

  • Կիսվել: