Իրանը գրկաբաց սպասում է Ավստրալիայում ապաստան ստացած կանանց ֆուտբոլի հավաքականի անդամներին․ Բաղայի
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանը գրկաբաց սպասում է կանանց ֆուտբոլի հավաքականի անդամներին՝ կոչ անելով նրանց վերադառնալ տուն։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բաղային նշել է X հարթակում գրառման մեջ։«Իրանի կանանց ֆուտբոլի հավաքականին. մի՛ անհանգստացեք, Իրանը ձեզ սպասում է գրկաբաց։ Վերադարձե՛ք տուն»,- նշել է Բաղային։Նա նշել է, որ Մինաբ քաղաքում Tomahawk հրթիռով սպանվեց ավելի քան 165 անմեղ իրանցի աշակերտուհի, իսկ հիմա «նրանք ցանկանում են մեր մարզիկներին պատանդ վերցնել՝ նրանց «փրկելու» անվան տակ»։«Անամոթությունն ու երեսպաշտությունն ապշեցուցիչ են», – ասել է խոսնակը։
Ավելի վաղ Ավստրալիան հայտարարել էր, որ Իրանի կանանց ֆուտբոլի հավաքականի հինգ անդամ Ավստրալիայում մարդասիրական վիզաներ և ապաստան են ստացել. նրանց անվտանգության հետ կապված մտահոգություններ են առաջացել այն բանից հետո, երբ նրանք Հարավային Կորեայի դեմ խաղից առաջ հրաժարվել են կատարել Իրանի օրհներգը։
Ավստրալիայի ներգաղթյալների նախարար Թոնի Բուրկը հայտարարել է, որ Ավստրալիայի ոստիկանությունը կանանց «տեղափոխել է անվտանգ վայր»։ Թիմի մյուս անդամներին ևս ասվել է, որ նրանք կարող են մնալ Ավստրալիայում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզին կոչ էր արել ապաստան տրամադրել իրանցի կանանց՝ նշելով, որ եթե Ավստրալիան նրանց չընդունի, ապա ԱՄՆ-ն դա կանի։


