շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրանում ընտրություններից առաջ կասեցրել են երկրի պատմության մեջ ամենախոշոր կիբեռհարձակումը

Իրանում ընտրություններից առաջ կասեցրել են երկրի պատմության մեջ ամենախոշոր կիբեռհարձակումը

Իրանցի մասնագետները փետրվարի 28-ին՝ խորհրդարանի և Փորձագետների խորհրդի ընտրությունների նախօրեին, հետ են մղել երկրի պատմության մեջ ամենախոշոր DDoS հարձակումը` 136 միլիոն հարցում վայրկյանում։ Տեղեկությունը հայտնում է իրանական «Fars» լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ ընտրություններից մի քանի օր առաջ ընդհանուր առմամբ կասեցվել է մոտ 160 DDoS-հարձակում:

Իրանում մարտի 1-ին անցկացվել են Մեջլիսի և Իրանի փորձագետների խորհրդի ընտրություններ: Համապետական մասնակցությունն աննախադեպ ցածր է եղել` 41 տոկոս, մայրաքաղաքում` 24 տոկոս։ Պաշտոնյաները կանխատեսում էին, որ վերջնական ցուցանիշն ավելի բարձր կլինի, քան 2020 թվականի վերջին ընտրարշավի ժամանակ գրանցված 42,5%–ը, բայց դրանից էլ ցածր ցուցանիշ գրանցվեց։

Փորձագետների խորհուրդը հատուկ մարմին է, որի գործառույթների մեջ է մտնում Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդի ընտրությունը: Խորհրդի անդամ են դառնում 88 աստվածաբաններ, որոնք ընտրվում են 8 տարի ժամկետով։

  • Կիսվել: