ԵՄ ղեկավարությունը կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ
Իրանում տեղի ունեցող իրադարձությունները լուրջ մտահոգության առարկա են։ Մենք սերտ կապ ենք պահպանում տարածաշրջանի մեր գործընկերների հետ։ Այս մասին ասվում է ԵՄ ինստիտուտների ղեկավարների՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի համատեղ հայտարարության մեջ։
«Մենք վերահաստատում ենք տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն ուղղված մեր անսասան հանձնառությունը։ Կարևորագույն նշանակություն ունեն միջուկային անվտանգության ապահովումը և ցանկացած գործողության կանխումը, որը կարող է էլ ավելի սրել լարվածությունը կամ խաթարել համաշխարհային չտարածման ռեժիմը։ Եվրամիությունը լայնածավալ պատժամիջոցներ է կիրառել Իրանի դաժան ռեժիմի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործողությունների դեմ և հետևողականորեն աջակցել է դիվանագիտական ջանքերին՝ նրա միջուկային և բալիստիկ հրթիռային ծրագրերի հարցը բանակցությունների միջոցով լուծելու համար։ ԵՄ անդամ պետությունների հետ սերտ համագործակցությամբ մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի տարածաշրջանում գտնվող ԵՄ քաղաքացիները կարողանան հույսը դնել մեր լիակատար աջակցության վրա։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և լիովին հարգել միջազգային իրավունքը», - ասվում է ԵՄ ղեկավարության հայտարարության մեջ։


