Իրանում բողոքի ցույցերը չեն մարում, զոհերի թիվը գնալով աճում է
Իրանում շարունակվում են հակակառավարական զանգվածային բողոքի ցույցերը, որոնց ժամանակ բախումների հետևանքով զոհերի թիվը գնալով աճում է։
Բողոքի ակցիաներն ընթանում են երկրի 31 նահանգից 26-ում: Ցույցերի ֆոնին փոխվել էր Իրանի Կենտրոնական բանկի ղեկավարը:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և կառավարության մի քանի անդամներ ընդգծել են, որ ցուցարարների պահանջներն ընդունելի են՝ հայտարարելով տնտեսական նոր միջոցառումներ ձեռնարկելու մասին:
Իրանի մեջլիսի նախագահն իր հերթին հայտնել է ցուցարարների օրինական պահանջները բավարարելու պատրաստակամության մասին: Իրանական լրատվամիջոցները հաղորդել են ցուցարարների կողմից անկարգությունների և իրավապահների վրա հարձակումների դեպքերի մասին՝ չնայած հավաքները հիմնականում խաղաղ բնույթ են կրել: Որոշ քաղաքներում հնչել են նաև հակակառավարական կոչեր:
Ըստ իրավապաշտպան կազմակերպությունների՝ ցույցերի ընթացքում առնվազն 20 մարդ է զոհվել, մոտ 1000-ը՝ ձերբակալվել:
Հրապարակումների համաձայն՝ ցույցերի մասշտաբները զգալիորեն նվազել են, այնուամենայնիվ, որոշ վայրերում ակցիաները դեռ շարունակվում են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի վերջին Իրանում ռիալի աժեզրկման ֆոնին սկսված բողոքի ցույցերը երկրի հարավ-արևմուտքում վերածվել են ոստիկանության հետ բախումների, որոնց հետևանքով առնվազն երկու մարդ զոհվել է, մի քանի ոստիկաններ վիրավորվել են: Ակցիաների հիմնական պատճառը փոխարժեքի կտրուկ տատանումներն ու դրանց ազդեցությունը գների վրա:
Տեսանյութը՝ այստեղ:



