Իրանում աշխատանքն է սկսել նոր խորհրդարանը
Իրանի 12-րդ գումարման Մեջլիսը (միապալատ խորհրդարան) առաջին նիստն է անցկացրել խորհրդարանի ամենատարեց անդամ Ալաէդդին Բորուջերդիի նախագահությամբ: Ուղիղ հեռարձակումը վարել է IRIB հեռուստաալիքը։
Նիստը սկսվել է Ղուրանից մի հատված կարդալով և բոլոր խորհրդարանականներին երդում տալով։ Իրանի գերագույն առաջնորդի գրասենյակի ղեկավար Մոհամմադի Գոլփայգանին ընթերցել է այն ուղերձը, որն Ալի Խամենեին հասցեագրել է նորընտիր խորհրդարանականներին: Գերագույն առաջնորդը հիշեցրել է, որ նրանցից յուրաքանչյուրը Իրանի ժողովրդի ներկայացուցիչն է, և Մեջլիսի գլխավոր խնդիրն է ապահովել երկրի և նրա բնակչության ազգային շահերը: Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև հանրապետության նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոհբերը և ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին: