Իրանն ու Եգիպտոսն ունեն անհրաժեշտ կամք՝ հարաբերությունները վերականգնելու համար. ԻԻՀ նախագահի քաղաքական խորհրդական
ԻԻՀ նախագահի քաղաքական խորհրդականը հայտարարել է, որ Իրանն ու Եգիպտոսն ունեն անհրաժեշտ կամք՝ հարաբերությունները վերականգնելու համար, գրում է parstoday.ir-ը:
Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Մեհդի Սանային ասել է․ «Հաշվի առնելով ձեռնարկված միջոցառումները՝ հույս կա, որ մոտ ապագայում Իրանի և Եգիպտոսի դեսպանատները կվերաբացվեն»։
Անդրադառնալով Կահիրեում ընթացող D8 խմբի գագաթնաժողովին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի ներկայությանը, Սանային հավելել է, որ խմբի անդամ երկրներում ապրում է մոտ մեկ միլիարդ 200 միլիոն մուսուլման, այսինքն՝ աշխարհի մուսուլմանների 60 տոկոսը։
Խոսելով Իրանի և Եգիպտոսի հարաբերությունների մակարդակի մասին, Սանային նշել է, որ երկու երկրների միջև ավելի քան 4 տասնամյակ բացակայում են քաղաքական հարաբերությունները, սակայն վերջին մեկ տարում կողմերի միջև դրական փոխգործակցություն է տեղի ունեցել։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը ժամանել է Կահիրե՝ մասնակցելու ութ զարգացող իսլամական երկրների՝ «D-8»-ի խմբի 11-րդ գագաթնաժողովին։
Փեզեշքյանի այցը Իրանի նախագահի առաջին այցելությունն է Կահիրե վերջին 11 տարիների ընթացքում։
D-8-ի խմբի անդամ երկներն են՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը,, Բանգլադեշը, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Մալայզիան, Պակիստանը, Թուրքիան եւ Նիգերիան։