ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Իրանն աջակցում է Կատարի կառավարության ինքնապաշտպանության իրավունքին

Իրանն աջակցում է Կատարի կառավարության ինքնապաշտպանության իրավունքին

ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը վճռականորեն դատապարտում է Կատարի կառավարության դեմ ուղղված ագրեսիան և ահաբեկչական հարձակումները։ Նա ասել է. «Մենք վճռականորեն աջակցում ենք միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության հիմամբ ագրեսիայից պատշպանվելու Կատարի կառավարության իրավունքին», գրում է parstoday.ir-ը:

Հինգշաբթի օրը, ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստում ունեցած ելույթում, Իրավանին հայտարարել է․ «Մենք կրկին ընդգծում ենք Իսլամական համագործակցության կազմակերպության սկզբունքային և անսասան դիրքորոշումը, որը հիմնված է նրա կանոնադրության վրա և ամրապնդվել է պետությունների ղեկավարների և արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովների հաջորդական բանաձևերի միջոցով։ Այդ դիրքորոշումը վճռականորեն մերժում է անդամ պետությունների ինքնիշխանության և անվտանգության դեմ ուղղված ցանկացած ագրեսիա»։

Նա հավելել է․ «Հունիսի 22-ին Ստամբուլում կայացած ԻՀԿ ԱԳ նախարարների 51-րդ նիստում ընդունվեց բանաձև, որն այս դիրքորոշման հերթական վկայությունն է։ Այն խստորեն և վճռականորեն դատապարտում է ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ իրականացված զինված հարձակումները և կոչ է անում Անվտանգության խորհրդին անհապաղ անդրադառնալ միջազգային խաղաղության և անվտանգության համար այս լուրջ սպառնալիքին և, հիմնվելով Կանոնադրության յոթերորդ գլխի վրա, վճռական միջոցներ ձեռնարկել՝ ռեժիմին ստիպելու անհապաղ դադարեցնել իր ագրեսիան»։

Իրավանին հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն և անվերապահորեն դատապարտում է Կատարի դեմ Սիոնիստական ռեժիմի ահաբեկչական հարձակումը, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են պաղեստինցի և կատարցի քաղաքացիական անձինք, և իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում Կատարի պետությանը։

Նշելով, որ Իրանը հաստատում է Կատարի Իրավունքը՝ ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ քաղաքական, դիվանագիտական և իրավական միջոցները՝ իր քաղաքացիներին, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, Իրավանին հավելել է, որ Սիոնիստական ռեժիմի կողմից Կատարի դեմ ռազմական ագրեսիան ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների ակնհայտ խախտում է։

Անդրադառնալով Պաղեստինում Սիոնիստական ռեժիմի ցեղասպանության շարունակությանը, Լիբանանի, Սիրիայի և Եմենի, Իրանի ու Կատարի դեմ հարձակումներին, Իրավանին նշել է, որ այս հարձակումները վկայում են այն մասին, որ ռեժիմը սպառնում է տարածաշրջանային և միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հավելել է. «Հունիսի 13-ին Սիոնիստական ռեժիմը, Միացյալ Նահանգների լիակատար աջակցությամբ և ամերիկյան զենքի օգտագործմամբ, 12 օր տևած պատերազմ սկսեց Իրանի դեմ՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները և խաղաղ միջուկային օբյեկտները, որոնք գտնվում են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության պաշտպանության ներքո։ Երեք արտակարգ նիստերից հետո խորհուրդը կաթվածահար եղավ Միացյալ Նահանգների անվերապահ աջակցության պատճառով և որևէ քայլ չարեց։ Այս ձախողումը Սիոնիստական խարդախ ռեժիմին թույլ տվեց անպատժելիության պայմաններում շարունակել իր հանցագործությունները տարածաշրջանում»։

Իրանի բարձրաստիճան դիվանագետն ասել է. «Ցավալի է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, անտեսելով իր պարտականությունները, գործնականում նորմալացրել է Գազայում, Եմենում, Սիրիայում, Լիբանանում, Իրանում և այժմ նաև Կատարում ռեժիմի հարձակումները»։

Դիմելով հանդիպմանը ներկա պաշտոնյաներին՝ Իրավանին ասել է. «Սիոնիստական ռեժիմի հանցագործ վարչապետը բացահայտորեն սպառնացել է տարածաշրջանի մյուս երկրներին ագրեսիայով և հստակ հայտարարել է, որ որտեղ էլ որ ներկա լինեն ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդները, Իսրայելը կհարձակվի։ Եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր միջոցներ չձեռնարկի, Իսրայելի ցանկում անխուսափելիորեն կհայտնվի ևս մեկ երկիր, և այս ռեժիմը կշարունակի ագրեսիան՝ լիակատար անպատժելիության պայմաններում»։

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ասել է. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից այս կարևոր պահին ձախողումը կլինի պարտականությունների խորը անտեսում և դավաճանություն ՄԱԿ-ի հիմնադրման սկզբունքներին։ Անգործությունը միայն համարձակություն կտա ագրեսորին, կխաթարի միջազգային իրավունքը և անպատժելիության վտանգավոր ուղերձ կուղարկի ամբողջ աշխարհում»։

  • Կիսվել: