Իրանին 10 տարի կպահանջվի ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած ռազմական գործողությունից վերականգնվելու համար. Թրամփ
Իրանին 10 տարի կպահանջվի ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած ռազմական գործողությունից վերականգնվելու համար: Այս մասին ամերիկյան MS NOW-ին տված հարցազրույցում ասել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նա ընդգծել է, որ «ռեժիմի փոփոխությունը ռազմական գործողության գլխավոր նպատակը չէ»։
«Ըստ իս՝ ես կարող էի հենց հիմա հեռանալ, և նրանց 10 տարի կպահանջվեր վերակառուցման համար։ Սակայն դա ընդունելի իրավիճակ չեմ համարում։ Եթե մենք ավելի երկար մնանք, նրանք երբեք չեն վերականգնվի»,- ասել է Թրամփը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն «գուցե» կարող է ազդել Իրանի կառավարության վրա, սակայն «դա հիմնական նպատակը չէ»։ «Հիմնական նպատակն այն է, որ նրանք միջուկային զենք չունենան»,- ասել է Թրամփը։
Թրամփի խոսքով՝ Իրանը «երկու շաբաթ» անց միջուկային զենք էր ունենալու՝ հունիսին ԱՄՆ ռմբակոծիչների կողմից Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա հարձակումից հետո։
Երբ նրան հարցրել են՝ ինչ կձեռնարկի ԱՄՆ-ը Կուբայի հարցում, Թրամփը պատասխանել է. «Կտեսնենք։ Կուբան դժվար ժամանակներ է ապրում»։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ ԱՄՆ-ն հունիսյան գործողության ընթացքում «ամբողջությամբ ոչնչացրել է» Իրանի միջուկային զենքի կարողությունները, սակայն, ըստ նրա, մնացել է այսպես կոչված «միջուկային փոշի»՝ հարստացված ուրան։
Թրամփն իր մտահոգություններն է արտահայտել նաև ՆԱՏՕ-ի վերաբերյալ՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ը «վճարել է ՆԱՏՕ-ի համար մինչև իր պաշտոնավարումը»։ Նա ՆԱՏՕ-ի դաշնակիցներին խնդրել է օգնել պաշտպանել Հորմուզի նեղուցը, սակայն նրանք առայժմ մերժել են Թրամփի խնդրանքը։


