Իրանի ու Ֆրանսիայի միջև շատ տարաձայնություններ կան, բայց երկխոսությունն անհրաժեշտ է. Արաղչի
Տարածաշրջանը չի կարող հանդուրժել հետագա լարվածությունը: Այս մասին Ֆրանսիա կատարած այցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին՝ հավելելով, որ Իրանի և Ֆրանսիայի միջեւ կան բազմաթիվ տարաձայնություններ, սակայն երկխոսությունը անհրաժեշտ է եւ կենսական նշանակություն ունի միջազգային հարաբերություններում: Այս մասին տեղեկացնում է Mehr-ը։
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Միմյանց դիրքորոշումներն իմանալը եւ թյուրիմացությունների եւ վրիպումների կանխումը միշտ շատ կարեւոր են եղել եւ երկխոսության գլխավոր նպատակներից են: Իմ ուղեւորությունը Փարիզ խորհրդակցությունների եւ երկխոսությունների շարունակությունն է, որոնք արդեն անցկացրել ենք այս երկրի հետ տարբեր ոլորտներում, ներառյալ տարածաշրջանային հարցերը, միջուկային խնդիրը, եվրոպական բանավեճերը, բանակռիվներն Ուկրաինայի վերաբերյալ, միջազգային հարցերը եւ երկկողմ հարցերը մեր միջեւ՛՛։
Արաղչին ընդգծել է, որ Իրանի եւ Ֆրանսիայի միջեւ թեեւ բազմաթիվ տարաձայնություններ կան, սակայն միեւնույն ժամանակ նրանք միշտ քաղաքական երկխոսություն եւ խորհրդակցություններ են վարել միմյանց հետ։
Արաղչին նաեւ ասել է, որ միմյանց դիրքորոշումներն իմանալն ու թյուրիմացությունների եւ վրիպումների կանխումը միշտ շատ կարեւոր են եղել եւ երկխոսության գլխավոր նպատակներից են։
՛՛Մենք կարճ քննարկել ենք տարածաշրջանային հարցերը, ներառյալ Լիբանանը, Պաղեստինը եւ Գազան, եւ լսել ենք միմյանց դիրքորոշումները՛՛,- ասել է նախարարը՝ ավելացնելով, որ կարեւոր հարցը, որը անհրաժեշտ է ուշադրության առնել, այն է, որ տարածաշրջանը չի կարող համակերպվել հետագա լարվածությանը եւ հակամարտություններին, եւ այդ լարվածությունների եւ հակամարտությունների արմատական պատճառը իրավիճակն է տարածաշրջանում, Իսրայելը, ՛՛որին, ցավոք, Միացյալ Նահանգները եւ արեւմտյան երկրները անընդունելի իմունիտետ են տրամադրել՝ անելու ինչ ուզենա՛՛:


