ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Իրանի, Թուրքիայի և Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության խորացման ուղիները

Իրանի, Թուրքիայի և Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության խորացման ուղիները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Դոհայում հանդիպել և բանակցություններ է վարել Թուրքիայի և Պակիստանի իր գործընկերների հետ: Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr-ը։

Արաղչին նաև բանակցություններ է անցկացրել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Պակիստանի արտգործնախարար Մոհամմադ Իսհաք Դարի հետ՝ Դոհայում անցկացվող միջազգային համաժողովի շրջանակում։

Ինչպես հաղորդվում է՝ հանդիպման ընթացքում Իրանի, Թուրքիայի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են երկկողմ հարցեր և համագործակցության խորացման ուղիները։

Արաղչին Դոհա է մեկնել՝ մասնակցելու Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների արտակարգ նիստին, որը նվիրված է Իսրայելի ռազմական ագրեսիային։

Նիստը, որը հրավիրվել է Քաթարի նախաձեռնությամբ, կենտրոնանալու է իսրայելական ռեժիմի ռազմական ագրեսիայի վրա՝ ուղղված փոքր արաբական պետության դեմ։ Այն նաև հող է նախապատրաստում երկուշաբթի նախատեսված իսլամաարաբական գագաթնաժողովի համար։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ներկայացնելու է երկիրը առաջնորդների գագաթնաժողովում՝ միանալով այլ պետությունների ղեկավարներին՝ տարածաշրջանային ճգնաժամը քննարկելու նպատակով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեքշաբթի օրը Իսրայելը հարված էր հասցրել Դոհայի բնակելի համալիրին՝ թիրախավորելով ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը։ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաները ողջ են մնացել, սակայն սպանվել են կազմակերպության հինգ անդամ և Քաթարի անվտանգության ծառայության մեկ աշխատակից։

  • Կիսվել: