կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Իրանի ռեժիմի կողմից նշանակված յուրաքանչյուր լիդեր կլինի թիրախ. Կաց

Իրանի ռեժիմի կողմից նշանակված յուրաքանչյուր լիդեր կլինի թիրախ. Կաց

Իսրայելցի զինվորականները թիրախ կհամարեն Իրանի ցանկացած նոր գերագույն առաջնորդի, որը փոխարինելու կգա ամերիկա-իսրայելական հարվածներից սպանված այաթոլլա Ալի Խամենեիին: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

«Ցանկացած առաջնորդ, որին կնշանակի իրանական ահաբեկչական ռեժիմն Իսրայելը ոչնչացնելու, Միացյալ Նահանգներին, ազատ աշխարհին և տարածաշրջանի երկրներին սպառնալու ծրագրերն իրականացնելու և իրանցի ժողովրդին ճնշելու համար, միանշանակ ոչնչացման թիրախ կդառնա։ Կարևոր չէ, թե ինչ է նրա անունը կամ որտեղ է նա թաքնվում», - գրել է Կացը X հարթակի իր էջում։

Նա նաև խոստացել է, որ Իսրայելը և Միացյալ Նահանգները կշարունակեն «ջախջախել վարչակարգի հնարավորությունները» և պայմաններ կստեղծեն, որ «իրանցի ժողովուրդը իշխանափոխություն իրականացնի»։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին զոհվել է փետրվարի 28-ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով։ Մարտի 4-ին սկսվում են Խամենեիի հրաժեշտի արարողությունները. դրանք կտևեն երեք օր։

Ավելի վաղ The New York Times-ը, հղում անելով աղբյուրների, հաղորդել էր, որ Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին, իր հոր պաշտոնի գլխավոր հավակնորդն է։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին՝ դա անվանելով «կանխարգելիչ» հարձակում։ Նրանց պնդմամբ՝ Իրանը զարգացնում էր իր մեծ հեռահարության բալիստիկ հրթիռների ծրագիրը, նաև ցանկանում էր միջուկային զենք ստեղծել։ Թեհրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում՝ թիրախավորելով Իսրայելը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներում ԱՄՆ-ի ռազմակայանները և էներգետիկ օբյեկտները։

 

  • Կիսվել: