հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իրանի ներքաղաքական կյանք են փորձում ներխուժել Իրանի թշնամիները. ԻԻՀ Հանրային ռադիոյի խմբագիրը Իրանում տեղի ունեցող ցույցերի մասին

Իրանի ներքաղաքական կյանք են փորձում ներխուժել Իրանի թշնամիները. ԻԻՀ Հանրային ռադիոյի խմբագիրը Իրանում տեղի ունեցող ցույցերի մասին

Իրանում տեղի ունեցող մասսայական ցույցերի հետևում կանգնած են արտաքին ուժերը, որոնք շահագրգռված են երկրի հիմքերի թուլացման մեջ: Նման կարծիք InfoPort.am-ի հետ զրույցում հայտնեց ԻԻՀ Հանրային ռադիոյի խմբագիր, քաղաքական վերլուծաբան Արտույտ Զոհրաբյանը:

«Սա առաջին դեպքը չէ, երբ դրսի ուժերը փորձում են տարաձայնություններ, զանգվածային միջոցառումներ իրականացնել փոքրամասնությունների, կամ այսպես կոչված տարբեր ազգայնականների միջեւ: Ակնհայտ է, որ այս ամենի հետևում օտարերկրյա մի շարք ուժերի` ԱՄՆ-ի եւ Իսրայելի հովանավորած անջատողական շարժումներն ու խմբերն են: Բոլորին հայտնի է, որ Իրանում կան բազմաթիվ կրոնական հավատքներ դավանող մարդիկ, ովքեր միշտ էլ համերաշխ ապրել են տեղի ժողովրդի հետ: Բայց, ինչ խոսք, պարբերաբար արտաքին ուժերը, փորձում են ճեղքեր մտցնել Իրանի ղեկավարության եւ ժողովուրդների միջեւ, այդ կերպ փորձելով թուլացնել երկրի դիրքերը: Ակնհայտ է, որ արտաքին խաղաղացողները գիտակցում են Իրանի հզորությունը եւ այս ֆոնին ջանք ու եռանդ չեն խնայում ներքին պառակտում մտցնելու համար: Սակայն, Իրանը դիվանագետ երկիր է եւ զգոն է ցանկացած արտաքին խարդավանքների նկատմամբ»,- պարզաբանեց վերլուծաբանը:

Միևնույն ժամանակ նա նշեց, որ բողոքի ակցիաների մասնակիցները կոնկրետ պահանջներ չեն ներկայացնում: «Այստեղ փորձում են պարզապես իրենց խաղաղացողներին մտցնել օրտարերկրյա ուժերը, ինչը Իրանի համար նորություն չէ»,- նկատեց նա` վստահեցնելով, որ որեւէ փոքրամասնության ներկայացուցչի ցանկությամբ չէ այն, ինչ կատարվում է այսօր Իրանում:

«Կրկնում եմ այս պահին Իրանի ներքաղաքական կյանք են փորձում ներխուժել Իրանի թշնամիները, քաջ գիտակցելով նրա զինվորական, պաշտպանական կարողությունները, այսինքն հասկանում են, որ ուժի լեզվով չեն կարող Իրանի հետ խոսել, անցել են նման միջոցների: Սա այն խաղն է, որ երկար տարիներ փորձում են իրականություն դարձնել ԱՄՆ-ն եւ Իսրայելը»,- եզրափակեց վերլուծաբանը:

Նշենք, որ Իրանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 22-ամյա Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո։ Ենթադրվում է, որ նրան ծեծի են ենթարկել ոստիկանական բաժանմունքում՝ «սխալ» հիջաբ կրելու համար: Ամինիի հուղարկավորությունը տեղի է ունեցել Քուրդիստան նահանգում։ Դրանից հետո տեղի բնակիչները դուրս են եկել փողոց և հանրահավաքներ սկսել՝ պահանջելով մանրամասն հետաքննություն։ Ամբոխը եկել է նահանգապետի գրասենյակ, որտեղ նրանց ցրել են արցունքաբեր գազով:

Հետագայում ցույցերի աշխարհագրությունը տարածվել է, դրանց միացել են տարբեր ազգայինականներ, քաղաքական խմբակներ, պանթուրքիստական, տեղացի ադրբեջանցի անջատողականներ` առաջ քաշելով քաղաքական պահանջներ:

  • Կիսվել: