երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Իրանի նախագահը ժամանել է Բաքու

Իրանի նախագահը ժամանել է Բաքու

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլի 28-ին մեկօրյա այցով գտնվում է Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական հրավերով։ Այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։

Այցի ընթացքում նախատեսվում է Իրանի նախագահի երկկողմ հանդիպումն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ։ Բացի այդ, կկայանան հանդիպումներ գործարարների, գիտնականների և Ադրբեջանում բնակվող իրանցիների հետ։

Մեկնումից առաջ Փեզեշքիանը հայտարարել էր, որ հետաքրքրված է այս ուղևորութամբ, և որ Ադրբեջանի հետ հարաբերություններն ամրապնդելու հիմքեր կան։

Այցից առաջ՝ ապրիլի 27-ին, Ադրբեջանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փեզեշքիանը հայտարարել էր, որ եթե երկու երկրները խորացնեն հարաբերությունները, ապա կկարողանան ընդլայնել համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններում։ Նա նաև ընդգծել էր տարբեր ոլորտներում Թեհրանի և Բաքվի միջև համագործակցության կարևորությունը։

Փեզեշքիանը նաև նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային հարցերը կարող են լուծվել քաղաքական և առևտրային հարաբերությունների հաստատման միջոցով և երկու կողմերի իրավունքների փոխադարձ հարգանքի հիման վրա։

 

  • Կիսվել: