Իրանի նախագահն ու Պակիստանի վարչապետը մեկ ժամից ավելի զրուցել են. ինչ են քննարկել
Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է ավելի քան մեկ ժամ:
Հեռախոսազրույցի բովանդակության մասին X-ի իր միկրոբլոգում մանրամասներ է հայտնել Պակիստանի վարչապետը՝ նշելով, որ քննարկվել է տարածաշրջանային իրադրությունը։
Շարիֆը սոցցանցի իր էջում, մասնավորապես, նշել է. «Մանրամասն հեռախոսազրույց ունեցա իմ եղբոր՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, որը տևեց ավելի քան մեկ ժամ։ Ես վերահաստատեցի Պակիստանի կողմից Իրանի վրա Իսրայելի շարունակական հարձակումների, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա վերջերս կատարված հարվածների խստորեն դատապարտումը և փոխանցեցի Պակիստանի համերաշխությունը Իրանի քաջարի ժողովրդին»:
Նա նաև հավելել է, որ Իրանի նախագահին տեղեկացրել է Պակիստանի շարունակական դիվանագիտական միջոցառումների մասին՝ Միացյալ Նահանգների և Պարսից ծոցի ու իսլամական երկրների հետ ներգրավմամբ՝ երկխոսությունը և լարվածության թուլացումը խթանելու համար։



