Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել ՇՀԿ անդամ պետությունների ԱԳՆ-ների կոմիտե՝ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ճգնաժամերի լուծման համար
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել ՇՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների կոմիտե՝ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում խաղաղությանը և անվտանգությանը սպառնացող ճգնաժամերի լուծման համար։ Այս մասին նա հայտարարել է Չինաստանում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովում։
Փեզեշքիանի վարչակազմի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Իրանի ախագահը, մասնավորապես, ասել է. «Խաղաղապահության ոլորտում անհրաժեշտ է ՇՀԿ անդամ արտգործնախարարներից կազմված կոմիտե ստեղծել, որի մասնակիցները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանում խաղաղությանը և անվտանգությանը սպառնացող տարբեր ճգնաժամերի վերաբերյալ, կներկայացնեն ճգնաժամերի կառավարման արդյունավետ առաջարկներ և դրանց ուսումնասիրման մեխանիզմներ»:
Նրա կարծիքով՝ պոտենցիալ և իրական ճգնաժամերի առաջացման դեպքում կոմիտեն պետք է անդամներից մեկի խնդրանքով անհապաղ մասնակիցների նիստ հրավիրելու հնարավորություն ունենա` «գործելով որպես կազմակերպության մտավոր և օպերատիվ լծակ» և ձգտելով տարբեր ձևերով օգնել այն անդամին, որի ինքնիշխանությունը խախտվել է։
Դրանից բացի՝ ԻԻՀ նախագահն առաջարկել է ստեղծել նաև «ՇՀԿ հատուկ հաշիվներ»՝ կազմակերպության անդամների ֆինանսական համագործակցությունն ամրապնդելու և պատժամիջոցների ազդեցությունը նրանց վրա նվազեցնելու համար։
Նրա խոսքով՝ այս նախաձեռնությունը կզարգանա երեք ուղղությամբ՝ ազգային արժույթներով հաշվարկների ծավալի մեծացում, ինչը կնվազեցնի դոլարից կախվածությունը, համատեղ թվային ենթակառուցվածքի ստեղծում, կենտրոնական բանկերի թվային արժույթի կիրառում՝ արագ և անվտանգ վճարումներ կատարելու համար, բազմաֆունկցիոնալ սվոփային ֆոնդի ստեղծում՝ պատժամիջոցների ճնշում կամ լիկվիդայնության ճգնաժամ ապրող երկրներին աջակցելու համար։


