Իրանի լռությունն ու համբերությունը որպես թուլություն մի մեկնաբանեք. ԻԻՀ ԱԳՆ խոսնակը՝ Ալիևին
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակաիրանական հայտարարությունների վերաբերյալ ասել է.«Իրանի քաղաքականությունը հիմնված է հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման վրա, և Ադրբեջանի Հանրապետությունը բացառություն չէ, բայց ոչ մի երկիր իրավունք չունի սխալ հասկանալ այս քաղաքականությունը և Իրանի լռությունն ու համբերությունը մեկնաբանել որպես թուլություն», գրում է parstoday.com-ը:
Նասեր Քանանի Չաֆին երկուշաբթի օրը լրագրողների հետ ամենշաբաթյա հանդիպման ժամանակ հավելեց.«Հարևանների հետ Իրանի քաղաքականությունը հիմնված է հարևանության պահպանման վրա, և լրատվամիջոցներով դիրքորոշումներ ընդունելը և բողոքներ հայտնելն օգտակար չեն»:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը Իրաքի Քուրդիստանի շրջանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի լռի իր տարածքային անվտանգության և Իրաքի Քուրդիստանի տարածքից Իրանին ուղղված սպառնալիքների և անջատողական ահաբեկչական խմբավորումների գործունեության վերաբերյալ և միջազգային օրենքների համաձայն կպաշտպանի իր անվտանգությունն ու քաղաքացիներին»:
Քանանին ընդգծել է. «Կառավարիչների խորհրդում բանաձևի ընդունումը չի օգնում լուծել անվտանգության խնդիրները, և Իրանի Իսլամական Հանրապետությունը կոչ է անում եվրոպական կողմերին վարվել խոհեմ և շարժվել դեպի դիվանագիտություն և ոչ թե դեպի ոչ կառուցողական մորեցում, որը վնասում է դիվանագիտական գործընթացը»:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի և եվրոպական երեք երկրների (Գերմանիա, Անգլիա, Ֆրանսիա) հակաիրանական դիրքորոշումներին, չնայած Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ Իրանի սերտ և շարունակական փոխգործակցությանը, Քանանի Չաֆին հավելեց.«Ցավոք, այս երկրների հապճեպ ու ոչ կառուցողական քայլերը շարունակվում են, և նրանք փորձում են գործակալությունն օգտագործել քաղաքականապես և այն վերածել Իրանի դեմ քաղաքական ճնշում գործադրելու միջոցի»:



