չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Իրանի խորհրդարանում օրինագիծ է ներկայացվել ԳՀՀԾ-ի բանակցություններից երկրի դուրս գալու մասին

Իրանի խորհրդարանում օրինագիծ է ներկայացվել ԳՀՀԾ-ի բանակցություններից երկրի դուրս գալու մասին

Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ բանակցություններից Թեհրանի դուրս գալու մասին օրինագիծը ներկայացվել է հանրապետության Մեջլիս (խորհրդարան):

Նման հայտարարություն է արել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում:
 
Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից: «Խորհրդարանում Է գտնվում միջուկային գործարքի շուրջ բանակցությունների դադարեցման օրինագիծը, ուստի երկխոսության դուռը կարող է փակվել», - ասել է նա: Ընդ որում, նախարարն ընդգծել է, որ Իրանն առաջվա նման հավատարիմ է մնում համագործակցությանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ՝ կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի և հանրապետության իշխանությունների միջև մարտի սկզբին ձեռք բերված համաձայնությունների շրջանակներում:
 
Մարտի 3-ին Գրոսսին այցով ժամանել էր Թեհրան՝ երկրի միջուկային օբյեկտներում մինչև 84% հարստացված ուրանի հետքերի հայտնաբերման մասին հաղորդումներից հետո: Գրոսին երկու փուլով բանակցություններ է վարել Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ, ինչպես նաև հանդիպել է հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարարի հետ։
 
Այցի արդյունքների վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի և ԻԱԷԿ-ի կողմից հրապարակված համատեղ հայտարարության մեջ նշվել է, որ Թեհրանը մտադիր է գործակալությանը թույլ տալ ստուգում և մոնիթորինգ իրականացնել, և որ Թեհրանը պատրաստ է ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների համար հասանելիություն ապահովել դեպի երեք միջուկային օբյեկտներ: ԳՀՀԾ-ն Իրանի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական «հնգյակի» ու Գերմանիայի միջև ստորագրվել է 2015 թվականին:
 
ԱՄՆ-ի նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին որոշում Է ընդունել այդ համաձայնությունից միակողմանիորեն դուրս գալու մասին: Միացյալ Նահանգների ներկայիս նախագահ Ջո Բայդենը բազմիցս հայտնել Է, որ Վաշինգտոնը պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքին, սակայն 2022 թվականի գարնանը ԳՀՀԾ-ի վերականգնման շուրջ բանակցությունները, փաստորեն, դադարել են ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների վատթարացման պատճառով:

  • Կիսվել: