չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին գրանցվել է որպես նախագահի թեկնածու

Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին գրանցվել է որպես նախագահի թեկնածու

Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին առավոտյան գրանցել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններին մասնակցելու համար։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը:

Ըստ Tasnim-ի՝ Լարիջանին բավական լուրջ հեռանկարներ ունեցող թեկնածու է նախագահի պաշտոնի համար։ Նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր՝ աշխատելով որպես մշակույթի նախարար, Իրանի Իսլամական Հանրապետության հեռարձակող ընկերության նախագահ, Նպատակահարմարության խորհրդի անդամ, Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար և Խորհրդարանի խոսնակ։

Նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման մեկնարկը սկսվել է մայիսի 30-ին։ Այդ օրն իր թեկնածությունն է ներկայացրել Իրանի միջուկային ծրագրի հարցով գլխավոր բանագնաց Սայիդ Ջալիլին։

Ընտրություններին մասնակցել ցանկացողներին տրամադրվել է հինգ օր ժամանակ՝ դիմելու Ներքին գործերի նախարարություն և առաջարկելու իրենց թեկնածությունը։ Հունիսի 4-ից բոլոր գրանցվածների թեկնածությունները 7-օրյա ժամկետում կուսումնասիրվեն, հաստատված թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակվի հունիսի 11-ին։ Նախընտրական քարոզարշավը տեղի կունենա հունիսի 12-26-ը, իսկ նախագահական ընտրությունները կանցկացվեն հունիսի 28-ին։

  • Կիսվել: