չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իրանի իշխանությունները հիջաբ չկրող կանանց բացահայտելու և պատժելու համար տեսախցիկներ են տեղադրում հանրային վայրերում

Իրանի իշխանությունները հիջաբ չկրող կանանց բացահայտելու և պատժելու համար տեսախցիկներ են տեղադրում հանրային վայրերում

Շաբաթ օրը Իրանի Իսլամական Հանրապետության ոստիկանությունը հայտարարել է, որ իշխանությունները տեսախցիկներ են տեղադրում հասարակական վայրերում և փողոցներում՝ բացահայտելու և պատժելու հիջաբ չկրող կանանց: Այս քայլով նրանք նպատակ ունեն զսպել ավանդական հագուստի կանոնները խախտելու դեպքերը: Այս մասին գրել է Reuters գործակալությունը։

«Հայտնաբերվելուց հետո օրինախախտները կստանան «նախազգուշացնող հաղորդագրություն»», ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:

Սեպտեմբերին Իրանի բարոյականության ոստիկանությունում կալանքի տակ եղած 22-ամյա քուրդ կնոջ մահից հետո օր օրի ավելանում է կանանց թիվը, որոնք հրաժարվում են հիջաբից:

Հիշեցնենք, որ 22-ամյա Մահսա Ամինին ձերբակալվել էր հիջաբի կրելու կանոնը խախտելու համար։

Այդուհանդերձ, ձերբակալվելու վտանգի ներքո էլ հիջաբի կանոնները խախտող կանայք քիչ չեն իսլամական երկրի առևտրի կենտրոններում, ռեստորաններում, խանութներում և փողոցներում: «Ըմբոստ» կանանց տեսանյութերը հեղեղել են սոցիալական ցանցերը:

Իրանի ոստիկանության այսօրվա հայտարարության մեջ կոչ էր արվել հասարակական վայրերի սեփականատերերին իրենց հերթին լրջորեն հետևել հասարակական նորմերի պահպանմանը: Բացի այդ, Իրանի ոստիկանությունը հորդորել է հանրությանը ընդդիմանալ հիջաբ չկրող կանանց:

Համաձայն Իրանի իսլամական շարիաթի օրենքի, որը սահմանվել է 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո, կանայք պարտավոր են ծածկել իրենց մազերը և կրել երկար, լայն հագուստ՝ կազմվածքը քողարկելու համար:

  • Կիսվել: