Իրանի եւ ՌԴ ներկայացուցիչները Թեհրանում քննարկել են համագործակցությունը կրիպտոարժույթների ոլորտում
Իրանը եւ Ռուսաստանը հանդիպման ժամանակ քննարկել են համագործակցությունը կրիպտոարժույթների եւ բլոկչեյնի ոլորտում, տեղեկացրել է Mehr-ը։
Իրանի եւ Ռուսաստանի մասնագետներն ու գործարարները քննարկել են կրիպտոարժույթների եւ բլոկչեյնի օգտագործման հնարավորություններն ու խոչընդոտները Թեհրանում, Ֆինանսական ինդուստրիայի 15-րդ միջազգային ցուցահանդեսում (FINEX)։
Որպես զեկուցողներ հանդես են եկել Իրանի ֆինտեխի ասոցիացիայի քարտուղար Մուսթաֆա Ամիրին, Իրանի բլոկչեյնի ասոցիացիայի գլխավոր տնօրեն Աբաս Աշթիանին, Ռուսաստանի կրիպտոարժույթների եւ բլոկչեյնի արդյունաբերության ասոցիացիայի գործադիր տնօրեն Ալեքսանդր Բրաժնիկովը եւ Տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների նախարարության նորարարությունների եւ ներդրումների աջակցման բաժնի ղեկավար Հոսեյն Խոսրոփուրը, շաբաթ տեղեկացրել է way2pay կայքը։