հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Իրանի բալիստիկ հրթիռների հարցը բանակցելի չէ, իսկ ուրանի  հարստացումը կշարունակվի․ Քամալ Խարազի

Իրանի բալիստիկ հրթիռների հարցը բանակցելի չէ, իսկ ուրանի հարստացումը կշարունակվի․ Քամալ Խարազի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարը ընդգծել է, որ Միացյալ Նահանգների հետ ցանկացած բանակցությունների պայմանը պետք է հիմնված լինի հավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքի վրա։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Սեյեդ Քամալ Խարազին CNN-ին տված հարցազրույցում Միացյալ Նահանգների հետ ցանկացած բանակցությունների անհրաժեշտ պայման է համարել հավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքի պահպանումը և ընդգծել. Որպեսզի բանակցությունների թեման և գործընթացը հստակ լինեն, նախապես պետք է համաձայնեցվի բանակցությունների օրակարգը։

Խարազին հավելեց, որ նրանք պետք է առաջին քայլը անեն և ցույց տան, որ պատրաստ են մեզ հետ փոխգործակցել մեր կողմից սահմանված պայմանների հիման վրա: Նշելով, որ Իրանի միջուկային ծրագիրը «տեղական» է, նա ասաց. «Այս կարողությունը հիմնված է մեր գիտնականների և ինժեներների հմտությունների ու գիտելիքների վրա և չի կարող ոչնչացվել ուժով»:

Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարը ուրանի հարստացման դադարեցումը անընդունելի անվանեց՝ նշելով. «Մենք պետք է շարունակենք ուրանի հարստացումը: Որովհետև մենք պետք է վառելիք արտադրենք մեր էլեկտրակայանների ու նաև մեր բժշկական ակտիվությունների համար: Այսպիսով, մենք չենք կարող դադարեցնել ուրանի հարստացումը, սակայն հարստացման աստիճանը կարող է բանակցությունների առարկա լինել»:

Խարազին Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը անքննարկելի համարեց՝ ասելով. «Միակ հարցը, որի շուրջ մենք պատրաստ ենք համագործակցել Միացյալ Նահանգների և ուրիշների հետ, միջուկային հարցն է: Մենք չենք բանակցելու ուրիշների հետ այլ հարցերի, այդ թվում՝ մեր հրթիռային ակտիվությունների շուրջ, և բաց չենք թողնի այն, ինչ կարող ենք անել մեր հրթիռները բարելավելու համար»:

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարը նաև ասել է. «Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական մոտեցում ցուցաբերի, ապա նա անպայման կտեսնի մեր փոխադարձ վերաբերմունքը: Դրա համար նրանք պետք է զերծ մնան Իրանի դեմ ուժի կիրառումից: Նրանք արդեն դա փորձել են, և հիմա գիտեն, որ ուժը արդյունքվետ չէ»:

  • Կիսվել: