Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Մերձավոր Արևելքի անվտանգությունը կապահովի ԱՄՆ-ի հեռանալը տարածաշրջանից
Իրանի ԱԳՆ փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին քննադատել է տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ Բահրեյնում կայացած երկխոսությունը, որի մասնակիցները քննարկել են Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը։
«Հորմուզը գտնվում է Իրանի, ոչ թե ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) վերահսկողության ներքո», - գրել է Ղարիբաբադին X սոցիալական ցանցում։
Նրա կարծիքով՝ Բահրեյնում անցկացված ռազմական գագաթնաժողովը չի կարող հաստատել իրավական կարգ և անվտանգություն Պարսից ծոցում։
«Տարածաշրջանի անվտանգությունը կապահովվի միջամտությունների դադարեցմամբ և ԱՄՆ-ի հեռանալով տարածաշրջանից, երկրների ինքնիշխանության հարգմամբ և նոր աշխարհաքաղաքական իրողությունների ընդունմամբ, այլ ոչ թե Ամերիկայի ռազմական հովանու ներքո», - նշել է փոխնախարարը։
Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ CENTCOM-ի ղեկավար, ծովակալ Բրեդ Կուպերը չորեքշաբթի Բահրեյնում հանդիպում է անցկացրել Մերձավոր Արևելքի 12 երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ՝ տարածաշրջանային անվտանգության հարցերը քննարկելու համար։
Կայացած երկխոսության շրջանակում կողմերը քննարկել են անվտանգության ոլորտում առկա իրավիճակը և պաշտպանական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ասվում է հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ նշվում է, որ հանդիպման մասնակիցները ընդգծել են իրենց հանձնառությունը Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անխափան անցումն ապահովելու հարցում։


