Իրանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին նամակ է հղել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և Անվտանգության խորհրդի նախագահ Վասիլի Նեբենզիային ուղղված պաշտոնական նամակում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին հայտարարել է 2025 թվականի հոկտեմբերի 18-ից սկսած Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի վավերականության ժամկետի վերջնական ավարտի մասին, գրում է parstoday.ir-ը:
Անդրադառնալով 2231 բանաձևի հստակ դրույթներին, այս նամակում Արաղչին ընդգծել է, որ Իրանի միջուկային դոսիեն տասը տարի անց պետք է հանվի Անվտանգության խորհրդի օրակարգից, և որ այսուհետ Իրանի միջուկային ծրագրի վրա սահմանափակումներ կիրառելու իրավական հիմք չկա։
Իր նամակի մեկ այլ մասում, հիշեցնելով 2015 թվականին ՀԳՀԾ-ի հաստատումը, նա գրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը սկզբից ի վեր բարեխղճորեն հետևել է համաձայնագրին իր պարտավորությունների շրջանակներում, սակայն Միացյալ Նահանգները «միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում» է կատարել՝ 2018 թվականին միակողմանիորեն դուրս գալով ՀԳՀԾ-ից, վերականգնելով պատժամիջոցները։
Արաղչին նաև քննադատել է ՀԳՀԾ-ի մասնակից եվրոպական երկրների վարքագիծը՝ ասելով, որ Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան ոչ միայն չեն կատարել իրենց պարտավորությունները, այլև նոր պատժամիջոցներ են սահմանել Իրանի դեմ՝ ավելի թուլացնելով ՀԳՀԾ-ն։
Իր նամակի մեկ այլ հատվածում Իրանի արտաքին գործերի նախարարը ընդգծել է, որ չնայած արևմտյան կողմերի բազմիցս կատարած խախտումներին, Իրանի Իսլամական Հանրապետությունը ցուցաբերել է առավելագույն զսպվածություն և միայն համաձայնագրի դրույթների շրջանակներում 2019 թվականից ի վեր իրականացրել է փուլային և հետադարձելի փոխադարձ միջոցառումներ։
Անդրադառնալով այսպես կոչված «Snapback» մեխանիզմը ակտիվացնելու երեք եվրոպական երկրների վերջին ջանքերին՝ նա գրել է. «Երեք եվրոպական երկրների միակողմանի և կամայական գործողությունը՝ Անվտանգության խորհրդին ուղղակիորեն դիմելու հարցում, չունի որևէ օրինական, իրավական կամ քաղաքական հիմք, և ինչպես 2020 թվականին մերժվեց ԱՄՆ-ի իրավասությունը՝ դիմելու այս մեխանիզմին, այնպես էլ Եվրոպայի գործողությունները չունեն իրավական ուժ»։
Վերջում Արաղչին ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ հետևել է դիվանագիտության ուղուն և կոչ է անում բոլոր կողմերին լիարժեք կատարել պարտավորությունները ՀԳՀԾ-ի շրջանակներում։


