հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ինդոնեզիայում ժայթքել է Մարապի հրաբուխը

Ինդոնեզիայում ժայթքել է Մարապի հրաբուխը

Ինդոնեզական Սումատրա կղզում (Արևմտյան Սումատրա նահանգ) ժայթքել է Մարապի հրաբուխը։ Այս մասին հայտնել է Antara լրատվական գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ մոխիրը բարձրացել է հրաբխի խառնարանից 1,6 հազար մետր բարձրության վրա կամ ծովի մակերևույթից 4 491 մետր բարձրության վրա: Այն տարածվել է դեպի հարավ-արևմուտք: Տարածաշրջանի բնակիչներին զգուշացրել են հրաբխի մոտակայքում լավայի հնարավոր հոսքերի և տաք ամպերի առաջացման վտանգի մասին։

Մարապին 2 891 մետր բարձրությամբ գործող հրաբուխ է, որը գտնվում է հանրապետության արևմուտքում՝ Բարիսան լեռնաշղթայի հյուսիս-արևմտյան վերջնամասում: 2023 թվականի դեկտեմբերին Մարապիի ժայթքման հետևանքով առնվազն 22 մարդ էր զոհվել:

Աշխարհի խոշորագույն՝ Ինդոնեզական կղզեխումբը, որը բաղկացած է 18 հազար կղզիներից, գտնվում է խաղաղօվկիանոսյան «Հրե օղակում», ինչի պատճառով տարածաշրջանը հակված է ուժեղ սեյսմիկ ակտիվության: Ընդհանուր առմամբ, Ինդոնեզիայում կա ավելի քան 500 հրաբուխ, որոնցից գործող են մոտ 130-ը:

  • Կիսվել: