շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իլոն Մասկը որոշել է հեռացնել Twitter-ի աշխատակիցների մոտ կեսին

Իլոն Մասկը որոշել է հեռացնել Twitter-ի աշխատակիցների մոտ կեսին

Twitter-ի սեփականատեր դառնալուց հետո Իլոն Մասկը որոշել է վերանայել ընկերության կադրային քաղաքականությունը։ Գործարարը մտադիր է աշխատանքից ազատել ընկերության աշխատակիցների մոտ 50 տոկոսին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Գործակալության զրուցակիցների խոսերով՝ 7,5 հազար աշխատողներից մոտ 3,7 հազարը կկրճատվեն։ Միաժամանակ, մնացած աշխատակիցներին կարգելվի հեռավար աշխատել։

Մասկը նախկինում հարցում էր հրապարակել այն մասին, թե արդյոք գովազդատուները պետք է աջակցեն խոսքի ազատությա՞նը, թե՞ քաղաքական կոռեկտությանը: Քվեարկածների մեծ մասն ընտրել էր առաջին տարբերակը։

Իլոն Մասկը Twitter-ի գնման գործարքն ավարտեց հոկտեմբերի 27-ին: Պայմանագրի գումարը կազմել է 44 մլրդ դոլար։ Ինքը՝ գործարարը, գնման որոշումը բացատրել է մարդկությանը օգնելու ցանկությամբ։ Նա նշել է, որ քաղաքակրթության համար կարևոր է համարում ունենալ մեկ թվային հարթակ, որտեղ առողջ մթնոլորտում կարող են քննարկվել տարբեր կարծիքներ։

  • Կիսվել: