երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իլհամ Ալիևը երբեք գրանցված չի եղել Ստեփանակերտում՝ այնտեղ քվեարկելու իրավունք ունենալու համար․ Էդմոն Մարուքյան

Իլհամ Ալիևը երբեք գրանցված չի եղել Ստեփանակերտում՝ այնտեղ քվեարկելու իրավունք ունենալու համար․ Էդմոն Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի նախագահական արտահերթ ընտրություններին ու հայաթափված Ստեփանակերտում Իլհամ Ալիևի  քվեարկությանը։

«Այսօր Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ Իլհամ Ալիևն իր քվեարկությունը կազմակերպել է Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։ Ադրբեջանական օրենսդրության համաձայն՝ Իլհամ Ալիևը երբեք գրանցված չի եղել Ստեփանակերտում՝ այնտեղ քվեարկելու իրավունք ունենալու համար։ Ուշագրավն այն է, որ Ալիևը նախ չհրահրված պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի դեմ, իսկ հետո էթնիկ զտում իրականացրեց այն մարդկանց, որոնց նա անվանում է Ադրբեջանի քաղաքացիներ։ Այժմ նա գնացել է էթնիկ զտման ենթարկված Ստեփանակերտ, որտեղ ընտրություններին մասնակցելու մարդ չկա, և ընտրություններին մասնակցել է ընտանիքի հետ։

Միջազգային հանրությունը նախ լուռ հետևում էր խաղաղ ժողովրդի դեմ չհրահրված հարձակմանը, ապա ավելի քան 100,000 մարդու էթնիկ զտմանը, իսկ հետո Ադրբեջանի պահանջով սկսել է էթնիկ զտման ենթարկված Ստեփանակերտ քաղաքն անվանել «Խանքենդի»։

Սակայն միջազգային բոլոր օրենքներով, այդ թվում՝ ԵԽ-ի առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների համաձայն, անունները չեն կարող փոխվել առանց տեղի բնակչության որոշման։ Բայց ինչի՞ մասին է խոսքը, երբ նրանք հիմա էլ պատրաստվում են հանդուրժել Ադրբեջանի նախագահի քվեարկությունը էթնիկ զտման ենթարկված քաղաքում՝ չսպառնալով անգամ միջազգային պատժամիջոցներ կիրառել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների համար»,- գրել է Մարուքյանը։

  • Կիսվել: