ԻԻՀ խորհրդարանի խոսնակն իսլամական երկրներին կոչ է արել տնօրինել սեփական ճակատագիրը և դադարել հույսը դնել արևմտյան ուժերի վրա
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը Իդ ալ-Ֆիտր (Ուրազա-բայրամ) տոնի առթիվ ուղերձով դիմել է աշխարհի մուսուլմաններին, տեղեկացնում է IRNA-ն:
Նշվում է, որ ուզերձն արաբերեն է: Ղալիբաֆն իր ուղերձում իսլամական երկրներին կոչ է արել տնօրինել սեփական ճակատագիրը և դադարել հույսը դնել արևմտյան ուժերի վրա:
Խորհրդարանի խոսնակը զգուշացրել է, որ անգործությունը կարող է ողբերգական հետևանքների հանգեցնել ողջ տարածաշրջանի համար: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի քաղաքականությունն ուղղված է մուսուլմանների ինքնության ոչնչացմանը՝ անկախ նրանց դավանանքից (շիա կամ սուննի) կամ տարիքից:
Ըստ Ղալիբաֆի՝ իսլամի հակառակորդները մուսուլմաններին վերաբերվում են որպես «ամաղեկացիների» (կրոնական տեքստերում հիշատակվող հնագույն ժողովուրդ, որը ներկայացվում է որպես թշնամի)՝ հավատալով նրանց լիակատար բնաջնջման և ցեղասպանության անհրաժեշտությանը:
Ղալիբաֆը կոչ է արել տարածաշրջանում ստեղծել անվտանգության նոր ճարտարապետություն՝ հիմնված մուսուլմանական ժողովուրդների եղբայրության, այլ ոչ թե արտաքին խաղացողների նկատմամբ վստահության վրա։
«Մուսուլմանների միջև ցանկացած տարաձայնություն ձեռնտու է մեր ընդհանուր թշնամիների մասշտաբային ծրագրերին»,-ասել է նա:
Իր ուղերձում Իրանի խորհրդարանի խոսնակը բազմիցս մեջբերել է Ղուրանը (մասնավորապես՝ «Ալ-Բաքարա» և «Հուդ» սուրաները)՝ հիշեցնելով, որ իսլամի հակառակորդների ցանկություններին հետևելը կհանգեցնի աստվածային աջակցության կորստի և պարտության։
Ղալիբաֆը նաև խստորեն քննադատել է ԱՄՆ-ին որպես «Գազայում, Լիբանանում և Իրանում իրականացվող ցեղասպանության գլխավոր հովանավորի»՝ աջակցության և անվտանգության մասին նրանց խոստումները անվանելով սուտ, որը բերում է միայն պատերազմ և անկայունություն։


