ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հանդիպել է իսլամական խորհրդարանի զրադաշտական, ասորի, հրեա և հայ պատգամավորների հետ
Նոյեմբերի 5-ին ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հյուրընկալել է Իրանի իսլամական խորհրդարանի զրադաշտական պատգամավոր տիկին Բեհշիդ Բարխորդարին, ասորի պատգամավոր պարոն Չարլի Էնույե Թեքիեին, հրեաների ներկայացուցիչ պարոն Հոմայուն Սամեհ Նաջաֆաբադիին և իրանահայ պատգամավորներ պարոն Արա Շահվերդյանին և պարոն Գեղարդ Մանսուրյանին, գրում է parstoday.ir-ը:
X-ում անդրադառնալով հանդիպմանը, Բաղային գրել է. «Ես հյուրընկալեցի Իսլամական խորհրդարանում զրադաշտական, քալիմի, ասորի և հայ հայրենակիցների ներկայացուցիչներին՝ տիկին Բեհշիդ Բարխորդարին, Հոմայուն Սամեհ Յահին Նաջաֆաբադիին, Չարլի Էնույե Թեքիեին, Արա Շահվերդյանին և Գեղարդ Մանսուրյանին։
Այս ջերմ հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք պատգամավորների և նախարարության միջև փոխգործակցության ամրապնդումը, ինչպես նաև Իրանի ներսում և դրսում գտնվող զրադաշտական, հրեա, ասորի և հայ հայրենակիցների հնարավորությունների օգտագործումը մեր հայրենիքի զարգացման համար։
Իրանը բոլոր իրանցիների տունն է, և իր կայունության, հարստության և ուժի համար պարտական է բոլոր ազգությունների, կրոնների ներկայացուցիչների միասնությանը և համերաշխությանը»։


