կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հութիները ստանձնել են Կարմիր ծովում բրիտանական տանկերի վրա հարձակման պատասխանատվությունը

Հութիները ստանձնել են Կարմիր ծովում բրիտանական տանկերի վրա հարձակման պատասխանատվությունը

Եմենի հյուսիսում իշխող հութիների «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է, որ Կարմիր ծովում հարձակվել է բրիտանական տանկերի վրա։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան։

«Եմենի հութիները Կարմիր ծովում հրթիռներ են արձակել բրիտանական Pollux տանկերի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

«Անսար Ալլահ» շարժումը, որը վերահսկում է Եմենի Կարմիր ծովի ափերի մեծ մասը, ավելի վաղ զգուշացրել էր Իսրայելի հետ որևէ առնչություն ունեցող ցանկացած նավի վրա հարձակվելու իր մտադրության մասին՝ կոչ անելով մյուս երկրներին հետ կանչել իրենց անձնակազմերին և չմտնել Կարմիր ծով։ Մի շարք նավագնացային ընկերություններ որոշել են դադարեցնել փոխադրումները Կարմիր ծովով։

Հութիներն ավելի վաղ հայտարարել էին, որ իրենց գործողությունները Կարմիր ծովում ուղղված են Գազայի հատվածում պաղեստինցիներին օգնելուն, նրանք պնդում էին, որ չեն խանգարում տարածաշրջանում նավարկության ազատությանը: Արաբական և մահմեդական երկրները բազմիցս զգուշացրել են ԱՄՆ-ին, որ Գազայի հատվածում Իսրայելի գործողություններին անվերապահ աջակցությունը կհանգեցնի հակամարտության տարածմանը ողջ տարածաշրջանում։

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հունվարի կեսերից հարվածներ են հասցնում հութիների թիրախներին՝ դա որակելով որպես պատասխան՝ Կարմիր ծովում նավարկության ազատության սպառնալիքներին:

  • Կիսվել: