Հութիները ԱՄՆ-ին և Բրիտանիային սպառնացել են «անհապաղ և ուղղակի» պատասխան տալ 16 զոհի պատճառ դարձած գնդակոծումներին
Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» շիա շարժումը սպառնացել է Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի կողմից Եմենի գնդակոծումներին «անհապաղ և ուղղակի պատասխանով»` հարվածելով Կարմիր և Արաբական ծովերում գտնվող այդ երկրների բոլոր «թիրախներին»:
Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով հութիների զինվորական ներկայացուցիչ Յահյա Սարիայի հայտարարությունը Telegram-ում։
«Եմենի զինված ուժերն ուղղակիորեն և անհապաղ կպատասխանեն Եմենի դեմ ցանկացած նոր ագրեսիայի՝ թիրախավորելով սպառնալիքի բոլոր աղբյուրները և ողջ ամերիկա-բրիտանական թշնամական թիրախները Կարմիր և Արաբական ծովերում», - գրել է նա։