Հունգարիան այն երկիրն է, որտեղ լուրջ շանսեր կան, որ ռուս-ամերիկյան բանակցություններն ի վերջո կհանգեցնեն խաղաղության. Օրբան
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Բուդապեշտում կայանալիք հանդիպումն ավելի մեծ հնարավորություն կտա Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նա, մասնավորապես, ասել է. «Այսօր Հունգարիան այն երկիրն է Եվրոպայում, որտեղ լուրջ շանսեր կան, որ ռուս-ամերիկյան բանակցություններն ի վերջո կհանգեցնեն խաղաղության»:
Օրբանի խոսքով՝ «Բրյուսելն իրեն մեկուսացրել է» խաղաղ գործընթացից, սակայն Հունգարիան պատրաստ է շարունակել խաղաղարար ջանքերը:
«Մենք տարիներ շարունակ հետեւողականորեն եւ համառորեն պաշտպանել ենք խաղաղության գործընթացը: Համագործակցություն առճակատման փոխարեն, փոխադարձ հարգանք՝ խարանի փոխարեն. դա խաղաղության ճանապարհն է»,-նշել է Հունգարիայի վարչապետը:


