Հունաստանը հաստատում է՝ Հորմուզի նեղուցում հունական նավի վրա հարձակում է տեղի ունեցել
Հունաստանի Արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հաստատել է Հորմուզի նեղուցի շրջանում հունական բեռնատար նավի վրա հարձակման փաստը։
Մասնավորապես՝ ԱԳ նախարար Գեորգիոս Գերապետրիտիսը CNN-ին տված հարցազրույցում հայտնել է, որ միջադեպն իսկապես տեղի է ունեցել, սակայն նա չի կարողացել հաստատել այն տեղեկությունը, թե նավը զավթվել են իրանական ուժերը։
Ըստ մախարարի՝ տուժած բեռնարկղային նավը պատկանում է Հունաստանին, սակայն նավարկում էր Լիբերիայի դրոշի ներքո։
Տեղի ունեցածի կապակցությամբ հունական իշխանությունները շտապ նախազգուշացում են ուղարկել երկրի սեփականություն հանդիսացող բոլոր նավերին՝ կոչ անելով ցուցաբերել առավելագույն զգուշություն, զսպվածություն և հնարավորության դեպքում խուսափել նեղուցով անցնելուց։
Նշենք, որ ավելի վաղ Reuters գործակալությունը տեղեկություն էր տարածել Իրանի կողմից երկու բեռնարկղային նավերի զավթման մասին, որոնք փորձում էին լքել Պարսից ծոցը։
Իր հերթին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաստատել է Պանամայի դրոշով նավարկող MSC Francesca և Լիբերիայի դրոշով նավարկող Epaminondas նավերի կալանավորումը։
Ըստ Reuters-ի՝ Epaminondas նավը հարձակման մասին հայտնել է Օմանի ափից մոտ 28 կիլոմետր հեռավորության վրա, իսկ Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործառնությունների վարչությունը արձանագրել է ԻՀՊԿ-ի մոտորանավակից բեռնարկղային նավի գնդակոծման փաստը։
Հարձակման ենթարկված նավի նավապետի վկայությամբ՝ իրանական մոտորանավակը մոտեցել է բեռնարկղային նավին և, առանց ռադիոկապի մեջ մտնելու, կրակ է բացել, ինչի հետևանքով նավի կամրջակը զգալի վնասներ է կրել։
Նշվում է նաև, որ Հունական օպերատոր ընկերությունը՝ Technomar Shipping Inc.-ը, հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը։


