կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հունաստանը չի պատրաստվում սահմանազատման հարցում զիջումներ անել Թուրքիային

Հունաստանը չի պատրաստվում սահմանազատման հարցում զիջումներ անել Թուրքիային

Հունական մամուլում կրկին լուրեր են շրջանառվում այն մասին, որ Աթենքը չի պատրաստվում հրաժարվել ՄԱԿ-ի Ծովային իրավունքի մասին կոնվենցիայով նախատեսված տարածքային ջրերի սահմանները մինչև 12 մղոնի (22կմ) վրա տարածելու մտադրությունից, գրում է ermenihaber.am-ը:

Այս լուրերը բացասական անդրադարձ են գտել թուրքական մամուլում՝ հաշվի առնելով, որ Էգեյան ծովում ջրային տարածքի սահմանազատումը տարիներ շարունակ վեճի առարկա է Թուրքիայի ու Հունաստանի միջև:

Նախորդ տարի Թուրքիայի ու Հունաստանի միջև այս և այլ վիճելի հարցերով վերսկսված տեխնիկական բանակցությունների ժամանակ, ըստ թուրքական մամուլի, հունական կողմը պատրաստակամություն էր հայտնել իր հավակնությունները 12-ից նվազեցնել 10 մղոնի:

Նշվում է, որ Հունաստանի նախկին փոխարտգործնախարար Հրիստոս Ռոզակիսի՝ Անկարային արած այս առաջարկներն այլևս ուժի մեջ չեն, և Աթենքը կրկին պնդելու է Էգեյան ծովում իր տարածքային ջրերի սահմանները Ծովային իրավունքի մասին կոնվենցիայով սահմանված 12 մղոն առավելագույն հեռավորությամբ տարածելու վրա:

Սա կարող է հույն-թուրքական լարվածության հերթական սրման պատճառ դառնալ, քանի որ թուրքական կողմը պնդում է, որ Հունաստանի մտադրության կյանքի կոչման դեպքում լրջորեն կտուժեն իր ծովային ուղիները: Թուրքիան տարիներ շարունակ խոչընդոտում է Աթենքի՝ տարածքային ջրերը 12 մղոնի վրա տարածելու մտադրության իրագործմանը:

Խնդիրը սրվել էր հատկապես 1995-ին, երբ տարածքային ջրերը մինչև 12 ծովային մղոն հեռավորության վրա տարածելու մասին Հունաստանի հայտարարությունը թուրքական կողմը որակեց որպես «casus belli»` պատերազմ հայտարարելու առիթ, սակայն գործը դրան չհասավ:

Նշենք, որ եթե Աթենքի մտադրությունն իրականացվի, ապա Էգեյան ծովում հունական մասնաբաժինը կհասնի 72.8%-ի, իսկ թուրքականը 16.3%-ից կնվազի 9.27%:

  • Կիսվել: