կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հունաստանն ու Եգիպտոսը թուրք-լիբիական գազային գործարքն «անօրինական» են անվանել

Հունաստանն ու Եգիպտոսը թուրք-լիբիական գազային գործարքն «անօրինական» են անվանել

Եգիպտոսը և Հունաստանը կիրակի հայտարարել են, որ համաձայնագիրը, որը թույլ է տալիս Թուրքիային ուսումնասիրել Լիբիայի ջրերում, Միջերկրական ծովում գտնվող ածխաջրածնային հանքավայրերը, «անօրինական» է, և  Աթենքը կդիմադրի դրան բոլոր «օրինական միջոցներով», հաղորդում է Agence France-Presse-ը:

Երկուշաբթի Թուրքիան հայտարարեց, որ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Տրիպոլիի իշխանությունների հետ Լիբիայի ջրերում ածխաջրածինների հետախուզման վերաբերյալ:

Փաստաթուղթը հաջորդել է երեք տարի առաջ Տրիպոլիի հետ Թուրքիայի ստորագրած համաձայնագրին, որը հաստատել է երկու երկրների ընդհանուր ծովային սահմանները:

«Այս համաձայնագիրը սպառնում է կայունությանը և անվտանգությանը Միջերկրական ծովում»,- ասել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը Կահիրեում, որտեղ նա հանդիպել է իր եգիպտացի գործընկեր Սամեհ Շուքրիի հետ:

Հունաստանը, Եգիպտոսը և Կիպրոսը կարծում են, որ 2019 թվականի համաձայնագիրը խախտում է իրենց տնտեսական իրավունքները մի տարածքում, որտեղ, ենթադրաբար, գոյություն ունեն բնական գազի մեծ հանքավայրեր:

«Տրիպոլին անհրաժեշտ ինքնիշխանություն չունի այս տարածքի նկատմամբ, և համաձայնագիրը, հետևաբար, անօրինական է ու անթույլատրելի»,- ասել է Դենդիասը:

Շուքրին էլ պնդել է, որ Տրիպոլիի իշխանությունների մանդատը «լրացել է», և որ «Տրիպոլիի կառավարությունը համաձայնագրեր ստորագրելու լեգիտիմություն չունի»։

Լիբիայի ածխաջրածինների հսկայական պաշարների նկատմամբ իրավունքների հարցը հրատապ է դարձել այս տարի, քանի որ էներգակիրների գները կտրուկ աճել են ամբողջ աշխարհում:

Եվրամիությունը դատապարտել է 2019 թվականի ծովային սահմանների համաձայնագիրը, Ֆրանսիան էլ հայտարարել է, որ այդ գործարքը «չի համապատասխանում միջազգային իրավունքին»:

  • Կիսվել: