Հունաստանի նախագահը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի
Հունաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունն առաջ մղելու Հայաստանի ջանքերին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ի թղթակիցը Աթենքից, այս մասին նշել է Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ առանձնազրույցի ընթացքում։
Հունաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունն առաջ մղելու Հայաստանի ջանքերին։ Հույս ունեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների»,- նշեց Հունաստանի նախագահը։
Նա հավելեց, որ միաժամանակ Հունաստանը կշարունակի գործնականորեն աջակցել Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների ամրապնդմանը՝ գնահատելով իրականացված առաջընթացը բարեփոխումների առումով և Հայաստանի եվրոպական ուղղվածությունը։
Հայաստանն ու Ադրբեջանը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են միմյանց միջև խաղաղության համաձայնագիրը։ Հայկական կողմը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած պահի ստորագրել համաձայնագիրը, սակայն Ադրբեջանը շարունակում է անհիմն նախապայմաններ առաջ քաշել համաձայնագիրը ստորագրելու համար։ Մասնավորապես, ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ պնդումները, թե Հայաստանի Սահմանադրությունն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ է պարունակում և պետք է փոխվի, որից հետո միայն Ադրբեջանը կստորագրի համաձայնագիրը։


