երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հունաստանի ԱԳՆ ղեկավարը Ադրբեջանի հարցում դեմ է դուրս եկել երկրի վարչապետին. Greek City Times

Հունաստանի ԱԳՆ ղեկավարը Ադրբեջանի հարցում դեմ է դուրս եկել երկրի վարչապետին. Greek City Times

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի կողմից Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ջերմ ձեռքսեղմումից և ուրախ ժպիտից ընդամենը 24 ժամ անց արտգործնախարար Նիկոս Դենդիասը հայտարարություն է տարածել ընդդեմ ռազմական հանցագործությունների, որոնք ադրբեջանական բանակը մշտապես գործում է Հայաստանի դեմ, հաղորդում է Greek City Times-ը:

Հունական լրատվամիջոցը նշում է, որ Միցոտակիսների ընտանիքը միշտ էլ շատ մտերիմ հարաբերություններ է պահպանել Ալիևի հետ, ինչը տարբեր կերպ է մեկնաբանվել, հատկապես Հունաստանի նկատմամբ Ադրբեջանի ծայրահեղ թշնամական վերաբերմունքից հետո, գրում է News Break-ը։

Ադրբեջանը Թուրքիայի կողքին էր նույնիսկ Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովում Հունաստանի դեմ ստոր սադրանքների ժամանակ:

Որոշ վերլուծաբաններ նույնիսկ պնդում են, որ սև փողերը, որոնք, ինչպես ապացուցված են, հանձնվել են Ալիևի կողմից և հայտնվել արևմտյան քաղաքական գործիչների և լոբբիստների գրպաններում, աշխատում են ոչ միայն Ադրբեջանի հանցագործությունները կոծկելու, այլ նաև Թուրքիայի էքսպանսիոնիստական ծրագրերն առաջ մղելու ուղղությամբ։

Այս լույսի ներքո Հունաստանի արտաքին գործերի նախարարության հստակ հայտարարությունը, որով պատասխանատվություն է պահանջվում Ադրբեջանի ռազմական հանցագործությունների համար, ուղիղ հակասում է արտաքին քաղաքականությունում Կիրիակոս Միցոտակիսի անձնական ընտրությանը։

«Ահավոր ցնցված ենք ադրբեջանական զորքերի կողմից անզեն հայ գերիների մահապատժի մասին սարսափելի հաղորդագրություններից: Հունաստանը խստորեն դատապարտում է բռնության նման ակտերը և կոչ է անում մանրակրկիտ հետաքննություն անցկացնել՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- ասված է Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Նիկոս Դենդիասն արդեն երկրորդ անգամ է, որ հեռու է մնում վարչապետի նախաձեռնություններից։ Դրան նախորդել էր Միցոտակիսի` Բոսֆոր կատարած ուղևորությունը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հեռու մնալու նրա որոշումը:

ԱԳ նախարարը պնդել էր, թե անտեղյակ է այդ ճամփորդությունից, ի ցույց դնելով, որ վարչապետը հարկ չի համարել իրեն տեղյակ պահել։ Ալիեւին չնեղացնելու համար նույնիսկ Եվրահանձնաժողովի ղեկավարությունն է շարունակում Ադրբեջանին դիտարկել որպես «բնական գազի հուսալի գործընկեր եւ մատակարար»։

  • Կիսվել: