հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել Ղազախստանի նոր Սահմանադրությունը

Հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել Ղազախստանի նոր Սահմանադրությունը

Ղազախստանում 2026 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել հանրաքվեով ընդունված նոր Սահմանադրությունը, 1995 թվականի օգոստոսի 30-ի նախկին Սահմանադրությունը չեղյալ է հայտարարվել։

2026 թվականի մարտի 15-ի հանրաքվեով ընդունված Սահմանադրության հիմնական նորամուծություններն են՝ փոխնախագահի պաշտոնի ներդրումը. խորհրդարանը կդառնա միապալատ և կկոչվի Կուրուլթայ, բաղկացած կլինի 145 պատգամավորից, որոնք կընտրվեն բացառապես կուսակցական հիմունքներով: Դրա հետ մեկտեղ կստեղծվի Ղազախստանի բարձրագույն խորհրդատվական մարմին՝ Հալիկ կենես (Ժողովրդական խորհուրդ), որն օժտված կլինի օրենսդրական նախաձեռնությամբ, կվերացվի Ղազախստանի Ժողովրդի ասամբլեան։

Նախագահը Կուրուլթայի ընտրության մասին պետք է հայտարարի մեկ ամսվա ընթացքում, իսկ դրանք անցկացվելու են Սահմանադրության ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում: Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտնել էր, որ ընտրությունը կկայանա օգոստոսին:

Կուրուլթայի առաջին գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից երկու ամսվա ընթացքում նախագահը պետք է նշանակի փոխնախագահ՝ խորհրդարանի համաձայնությամբ:

Պետական ​​տոնը՝ Ղազախստանի Սահմանադրության օրը, այժմ ամեն տարի կնշվի մարտի 15-ին՝ օգոստոսի 30-ի փոխարեն։

  • Կիսվել: