կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հարավային Կորեան հայտնել է, որ երկրի ափերին հայտնաբերվել են հյուսիսկորեական հրթիռի մասեր

Հարավային Կորեան հայտնել է, որ երկրի ափերին հայտնաբերվել են հյուսիսկորեական հրթիռի մասեր

Հյուսիսային Կորեայի զինվորականները հայտարարել են, որ վերջին օրերին իրականացված հրթիռային արձակումների ընթացքում փորձարկվում էին հարվածներ Հարավային Կորեայում և ԱՄՆ-ում գտնվող տարբեր թիրախների, այդ թվում՝ ավիաբազաների և հրամանատարական օպերացիոն համակարգերի հարվածներ:

Reuters գործակալության փոխանցմամբ՝ իր հերթին Հարավային Կորեան հայտնել է, որ երկրի ափերին հայտնաբերվել են հյուսիսկորեական հրթիռի մասեր։

Անցյալ շաբաթ Հյուսիսային Կորեան բազմաթիվ հրթիռներ և հրետանային հարյուրավոր արկեր է արձակել դեպի ծով։ Նշվում է, որ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումը, հնարավոր է, խափանվել է։

Հարավկորեացի և ամերիկացի պաշտոնյաները հայտարարել են, որ Փհենյանը նաև տեխնիկական պատրաստություններ է տեսել միջուկային սարքի փորձարկման համար։

Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումները տեղի են ունեցել Հարավային Կորեայի և Միացյալ Նահանգների վեցօրյա զորավարժությունների ընթացքում։ Փհենյանն այդ զորավարժություններն անվանել է «ագրեսիվ բնույթի վտանգավոր զորվարժություններ», ինչպես նաև «բացահայտ սադրանք, որը միտումնավոր կերպով ուղղված է լարվածությունը սրելուն»։

Գործակալությունը նշում է, որ Փհենյանի կողմից հրթիռների արձակումներն այս տարի ռեկորդային քանակի են հասել։

  • Կիսվել: